Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ադրբեջանը փորձում է ռազմական ճնշման արդյունքում ստացած դիվիդենտներն օգտագործել բանակցային գործընթացում․ քաղաքագետ

Ադրբեջանը փորձում է ռազմական ճնշման արդյունքում ստացած դիվիդենտներն 
օգտագործել բանակցային գործընթացում․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը նպատակադրվել է հնարավորինս սուղ ժամկետներում հասնել նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի որևէ փաստաթուղթ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնում սպասվող հանդիպումից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում հայտարարեց, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում։

Այդ հանդիպումը պետք է կայանար ավելի վաղ, բայց ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել էր։ Հիմա, ըստ Գրիգորյանի, կողմերը վերադառնում են բանակցությունների օրակարգին ամերիկյան կողմի ակտիվ միջնորդությամբ, որպեսզի բանակցեն խաղաղության տեքստի համաձայնեցման շուրջ։ Քաղաքագետի կարծիքով՝ Վաշինգտոնն այն հարթակն է, որտեղ բավականին ինտենսիվ քննարկումներ են ընթանում, որոնց նպատակն առկա խնդիրների լուծման փուլում կողմերի դիրքորոշումների մերձեցումն է հատկապես առանցքային հարցերի շուրջ։

«Ադրբեջանի պարագայում արդեն սովորական է դարձել այն գործելաոճը, որ մի կողմից Բաքուն մասնակցում է բանակցությունների, իսկ մյուս կողմից ճնշում է գործադրում, զինադադարը խախտում և ինչ-որ վերջնագրեր ներկայացնում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։ Ադրբեջանը փորձում է ռազմական ճնշման արդյունքում ստացած դիվիդենտներն օգտագործել բանակցային գործընթացում։ Բնականաբար, նման պայմաններում դժվար է խոսել համապարփակ լուծումների կամ կառուցողական գործընթացների մասին, և նույնիսկ կարող է այդ ամենի արդյունքում ստեղծվել մի իրավիճակ, երբ Հայաստանին պարզապես ինչ-որ լուծումներ են պարտադրվելու»,- ասաց Գրիգորյանը։

Նրա դիտարկմամբ՝ կարևոր դերակատարում ունեն նաև միջնորդները, թեև Բրյուսելն ու Վաշինգտոնը խուսափում են ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելուց։ Այդուհանդերձ, առանց Ադրբեջանի վրա միջնորդների ճնշման՝ անիմաստ է ակնկալել համապարփակ լուծումներ, որոնք կարող են հիմք դառնալ մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար ։

Անդրադառնալով քաղաքական ու փորձագիտական շրջանակներում քննարկվող այն հարցին, թե խաղաղության պայմանագիրը պետք է հաջորդի՞, թե՞ նախորդի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ այս փուլում քննարկվում է շրջանակային պայմանագիր ստորագրելու թեման։  

«Այսինքն՝ ստորագրվելու է ընդհանրական տեքստ ունեցող փաստաթուղթ, որից հետո իրականացվելու են կոնկրետացված գործընթացները։ Պարզ է, որ դելիմիտացիան ու դեմարկացիան լինելու են ավելի ուշ, որովհետև այդ գործընթացները սովորաբար տևում են շատ երկար։ Նույնիսկ շրջանակային պայմանագրի ստորագրումը պարունակում է որոշակի ռիսկեր, որովհետև չկա երաշխիք, որ դրանից հետո Ադրբեջանը չի շարունակելու ուժային գործիքակազմ կիրառել Հայաստանի նկատմամբ՝ այդ կերպ հայկական կողմից պարբերաբար զիջումներ կորզելու ակնկալիքով։ Եթե հիմա Ադրբեջանն իր զորքերը չի հանում Հայաստանի տարածքից, ապա հավանականությունը մեծ է, որ նման քայլի չի դիմի պայմանագրի կնքումից հետո»,-նշեց քաղաքագետը։

Դատելով այն մասին, թե չի՞ կարող արդյոք ԱՄՆ-ն գործուն լծակներ կիրառել Ադրբեջանին ագրեսիվ քայլերի դրդող Թուրքիայի դեմ, որպեսզի նրան բերի կառուցողական դաշտ, Գրիգորյանն ասաց, որ Բաքվի ազդեցությունն Անկարայի վրա երբեմն ավելի մեծ է, քան հակառակը։  

«Նույնը վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական փոխգործակցությանը։ Էրդողանը բավականին անկախ քաղաքականություն է վարում, դուրս է եկել ՆԱՏՕ-ի ազդեցության ծիրից, պրագմատիկ կերպով համագործակցում է Ռուսաստանի հետ, ուստի ԱՄՆ-ի ազդեցության հանգամանքը չարժե գերագնահատել։ Խնդիրն ավելի շուտ Բաքուն է, ոչ թե Անկարան, և եթե պիտի ճնշում գործադրվի, ապա անկասկած Բաքվի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի մաքսիմալիստական դիրքորոշումներից և գնա փոխզիջումների վրա հիմնած լուծումների»,- եզրակացրեց քաղաքագետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am