Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայկական Docus-ը՝ AI-ով բժշկական խորհրդատվության տրամադրող ստարտափ. ինչ փոփոխություններ են կատարվել հարթակում

Հայկական Docus-ը՝ AI-ով բժշկական խորհրդատվության տրամադրող ստարտափ. 
ինչ փոփոխություններ են կատարվել հարթակում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ առողջության վերաբերյալ խորհրդատվության ստանալն ավելի հեշտ է, հայկական Docus ստարտափը 24/7 ռեժիմով աշխատող արհեստական բանականության առողջապահական օգնական (AI Health Assistant) է գործարկել, որը հնարավորություն է տալիս ստանալ առողջության վերաբերյալ բուժառուին հուզող հարցերի պատասխանները: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր , տեխնոլոգիական տնօրեն Գևորգ Նազարյանը նշեց՝ Docus-ի նոր հարթակում աշխարհի լավագույն բժիշկների գիտելիքն ու փորձը միավորվել է նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ։

1113342.jpg (22 KB)

«Յուրաքանչյուրը կարող է զրուցել Docus AI Health Assistant-ի հետ, ստեղծել իր առողջական հաշվետվությունները և ստուգել դրանք ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բժիշկների հետ: Սա իր տեսակի մեջ առաջին պրոդուկտն է, որը համատեղում է արհեստական բանականության կողմից ստեղծված ախտորոշումը մարդու հսկողության ներքո ապացուցված եզրակացությունների հետ»,- ասաց համահիմնադիրը: 

Docus-ն առանձնանում է նրանով, որ համատեղում է արհեստական բանականությունը ԱՄՆ-ի և ավելի քան 15 եվրոպական երկրների ավելի քան 300 առաջատար բժիշկների գիտելիքների հետ:

«Docus AI Health Assistant-ը տրամադրում է արագ և ճշգրիտ պատասխաններ բուժառուների առողջության հետ կապված հարցումներին և գեներացնում է անհատականացված առողջության զեկույցներ ախտանիշների, հիվանդության հավանականության և բուժման տարբերակների վերաբերյալ: Հարթակը նաև հիվանդներին կապում է առաջատար մասնագետների հետ՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված ախտորոշումներն ու բուժման պլանները հաստատելու համար»,- ասաց Նազարյանը:

TAT_4317.JPG (257 KB)

Հարթակն օգտագործում է արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են GPT-4, OpenAI տեքստային հավելվածները և վեկտորային տվյալների բազաները: Օգտագործելով բնական լեզվի մշակման և մեքենայական ուսուցման ալգորիթմներ՝ այն կարող է անանունացնել առողջական տվյալները, վերլուծել դրանք, բացահայտել օրինաչափությունները և ներկայացնել հնարավոր հիվանդությունների ցուցակ՝ նշելով դրանց հավանականությունը և բուժման առաջարկները: Բացի այդ, պլատֆորմը համապատասխանում է HIPAA-ի և GDPR-ի տվյալների պաշտպանության պահանջներին. ամբողջ գործընթացում  բուժառուների գաղտնիությունն ու անվտանգությունն ապահոված է:

«Կարևոր է նշել, որ արհեստական բանականության կողմից գեներացրած տեղեկատվությունը ծառայում է միայն որպես ընդհանուր կրթական գիտելիք:

Թեև AI-ը մոտ ապագայում չի կարող փոխարինել բժիշկներին, այն ունի առողջապահության ոլորտի վրա էական ազդեցություն ունենալու ներուժ: Մի կողմից արհեստական ինտելեկտը հիվանդներին տրամադրում է արձանագրության հետ համաձայնեցված ամենաթարմ տեղեկատվությունը, մյուս կողմից՝ այն կարող է օգնել բժիշկներին կատարել սովորական առաջադրանքներ, վերլուծել հիվանդների տվյալները և առանձնացնել կարևոր արդյունքները»,- ասաց Նազարյանը:

TAT_4268.JPG (281 KB)

Օգտագործելով արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաներ և առաջարկելով հասանելիություն առաջատար բժշկական փորձագետներին՝  Docus-ը ներուժ ունի վերափոխելու առողջապահական ոլորտը: Լուծելով սխալ ախտորոշման հրատապ խնդիրը, բարելավելով բուժման գործընթացը և առաջնահերթություն տալով բուժառուների գաղտնիությանը՝ Docus-ը պատրաստ է դառնալ անփոխարինելի գործիք համաշխարհային առողջապահական համակարգում: Նազարյանը ընդգծեց՝ քանի որ հարթակը շարունակում է զարգանալ և կատարելագործել իր առաջարկները, այն կարող է փրկել կյանքեր ամբողջ աշխարհում:

Docus-ը նախասաղմնային փուլի ներդրումները հաջողությամբ փակել է 800 հազար դոլարով: Այս պահին չեն շտապում նոր  ներդրումներ ներգրավել: Մտածում են՝ օգտատերեր ձեռք բերելու մասին,  որպեսզի աշնանն ավելի լավ պայմաններով նոր ներդրումներ ներգրավեն:

Ամփոփելով խոսքը՝  Նազարյանը նշեց, որ Docus-ի առաքելությունը նորագույն տեխնոլոգիաների և առաջատար փորձի համադրությամբ մարդկանց առողջական կյանքը բարելավելն է: Այն հասանելի է ամենուր․ փորձելու համար անհրաժեշտ է ընդամենը մուտք գործել կայք:

Ստարտափի մասին նախորդ նյութն՝ այստեղ:

Կարինե Տերտերյան 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am