Տարածաշրջանային

Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում չի հաղթահարում ընդդիմության թեկնածուի արգելքը

2 րոպեի ընթերցում

Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում չի հաղթահարում ընդդիմության թեկնածուի արգելքը

ՍՏԱՄԲՈՒԼ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով չի կարողացել հաղթահարել ընտրական 50 տոկոսի շեմը։ Ինչպես Ստամբուլից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թուրքական Cumhuriyet պարբերականի տվյալներով՝ ձայների 94,04 տոկոսի հաշվարկի տվյալներով Էրդողանը ստացել է քվեների 49,83 տոկոսը(24588314 ձայն), ինչը ենթադրում է, որ մայիսի 28-ին տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ։

Նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 44,40 տոկոսը (21911658ձայն)։

Ընդ որում, Էրդողանը Քըլըչդարօղլուին պարտվել է այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Անթալիան, ինչպես նաև երկրի արևելյան՝ քրդաբնակ շրջաններում՝ Վանում, Դիարբեքիրում, Կարսում, Իգդիրում, Մուշում և այլն։

Էրդողանի գլխավորած Ժողովրդական դաշինքը հավաքել է 50,32 տոկոս ձայն, իսկ Քըլըչդարօղլուի ղեկավարած Ազգային դաշինքը՝ 34,65 տոկոս։

Այս պահին Ստամբուլի կենտրոնական որոշ հատվածներում նկատվում է ոստիկանական ուժերի կենտրոնացում։ Թեպետ նախապես ակնկալվում էր, որ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո կարող են լինել ցույցեր և բախումներ, սակայն այս պահի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Ակնկալվում է, որ շուտով Էրդողանը հանդես կգա ելույթով՝ դիմելով իր ընտրազանգվածին, որը հավաքվել է Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի իր տան մոտ։

Արաքս Կասյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում