Միջազգային

«Եվրատեսիլ»-ի հեռարձակողները Զելենսկիին թույլ չեն տվել ուղերձով հանդես գալ եզրափակիչում

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ»-ի հեռարձակողները Զելենսկիին թույլ չեն տվել ուղերձով հանդես գալ եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հեռարձակողների միությունը թույլ չի տվել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով հանդես գա «Եվրատեսիլ 2023» երգի ​​մրցույթի եզրափակիչում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական հեռարձակողների միությանը:

«Եվրատեսիլ երգի մրցույթը միջազգային ժամանցային շոու է, որը գործում է խիստ կանոններով և սկզբունքներով, որոնք սահմանվել են դրա ստեղծման պահից: Որպես դրանց մի մաս՝ մրցույթի հիմնաքարերից մեկը միջոցառման ապաքաղաքական բնույթն է: Այդ սկզբունքն արգելում է մրցույթի ժամանակ քաղաքական կամ նմանատիպ այլ հայտարարությունների հնարավորությունը։ Զելենսկիի խնդրանքը՝ դիմելու «Եվրատեսիլ» երգի մրցույթի հանդիսատեսին, բոլոր գովասանքի արժանի մտադրություններով հանդերձ, ցավոք, չի կարող բավարարվել Եվրոպական հեռարձակողների միության կողմից, քանի որ դա կհակասեր միջոցառման կանոններին», - նշված է միության հայտարարությունում։

Անցյալ տարի «Եվրատեսիլ»-ի հաղթողը դարձավ Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra խումբը, սակայն Ուկրաինայում պատերազմի պատճառով մրցույթն այս տարի անցկացվում է Մեծ Բրիտանիայում: Այնուամենայնիվ, Եվրոպական հեռարձակողների միությունը շեշտում է, որ Ուկրաինան լայնորեն ներկայացված է «Եվրատեսիլ 2023»-ում իր երաժշտությամբ, մշակույթով և ստեղծագործականությամբ:

«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին Լիվերպուլի M&S Bank Arena համերգասրահում:

Ի դեպ, մարտին «Օսկար» կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները երկրորդ տարին անընդմեջ Ուկրաինայի նախագահին թույլ չտվեցին դիմել մրցանակաբաշխության արարողության հանդիսատեսին և հյուրերին: Իսկ 2022 թվականի դեկտեմբերին CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մերժել է Զելենսկիի խնդրանքը՝ տեսաուղերձով հանդես գալու Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում