Հասարակական

Հարկ վճարողի օրվա առթիվ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում. մի շարք անվանակարգերում պարգևատրվել է ութ կազմակերպություն

2 րոպեի ընթերցում

Հարկ վճարողի օրվա առթիվ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում. մի շարք անվանակարգերում պարգևատրվել է ութ կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկ վճարողի օրվա առթիվ, ապրիլի 19-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ, հյուրեր։

«ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ և շեշտել, որ այս կարևոր օրը համապետական մակարդակով նշելու նախաձեռնության նպատակն է արմատավորել հարկ վճարելու մշակույթը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ընդգծել պետություն-մասնավոր, պետություն-քաղաքացի ամուր և գործընկերային կապը: ՊԵԿ նախագահն առանձնահատուկ կարևորել է օրինապահ հարկ վճարողների դերը պետականաշինության գործում և Հայաստանի Հանրապետության անունից շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին՝ կատարած աշխատանքի և վճարած հարկերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այնուհետև տեղի է ունեցել հարկ վճարողների պարգևատրման արարողություն՝ նրանց գործունեության և հաջողությունների մասին պատմող տեսահոլովակների ցուցադրմամբ։

Նշվում է, որ ետական եկամուտների կոմիտեն տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ութ ընկերությունների մի շարք անվանակարգերում շնորհել է հուշանվերներ և շնորհակալագրեր։

Պարգևատրման արարողությանը հաջորդել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագիրը՝ ջութակահարուհի Դիանա Ադամյանի նվագակցությամբ և Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ։

1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով ՀՀ-ում ձևավորվել են հարկային համակարգը, սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները։

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ապրիլի 19-ը նշվում է որպես Հարկ վճարողի օր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում