Հասարակական

44-օրյա պատերազմից մինչև 44 համարի մարզաշապիկ. ֆուտբոլ խաղալու երազանք, որը նոր կյանքի սկիզբ է

3 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմից մինչև 44 համարի մարզաշապիկ. ֆուտբոլ խաղալու երազանք, որը նոր կյանքի սկիզբ է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44 օրյա պատերազմը փոխեց շատերիս կյանքը՝ այն բաժանելով երկու ժամանակահատվածի՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո: Մեզանից շատերը պատերազմից հետո էլ շարունակեցին իրենց ուղին` հավատալով իրենց երազանքների գեղեցկությանն ու ունենալով նպատակներին հասնելու կամք ու համառ պայքարի մղում: Ճանապարհը շարունակելը երբեմն առավել դժվար է, եթե սպորտում ես, անցել ես պատերազմի արհավիրքով: Բայց նրանք, ովքեր «կանգնած» են մնում, ապացույցն են այն բանի, որ ցանկացած դժվարին իրավիճակ հաղթահարողներն ու պայքարողները միշտ գտնում են իր տեղն ու հասնում իրենց նպատակներին:

Ռաֆայել Սերոբյանը 2020 թվականի օգոստոսին էր զորակոչվել բանակ, երբ շաբաթներ անց մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Ռաֆայելը ռազմական գործողությունների է մասնակցել Ասկերանում, Մատաղիսում մինչև այն պահը, երբ կանտուզիա ստանալու պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:

21-ամյա Ռաֆայելը 12 տարեկանից զբաղվում է ֆուտբոլով: Առաջին քայլերն արել է «Ուրարտու»-ի (նախկին «Բանանց») ակադմեիայում, հետո ընդգրկվել է «Ալաշակերտ-2»-ում ու հանդես եկել Հայաստանի առաջնության առաջին խմբում:

v2.jpg (79 KB)

Պատերազմի ավարտից հետո Ռաֆայելը փոխել է խաղահամարն ու այժմ հանդես է գալիս 44 համարի ներքո: Այն խորհրդանշում է պատերազմն ու այն բարդ շրջանը, որի մեջով անցել է նա: «Կանտուզիայից հետո նույնիսկ շրջան կար, որ չէի կարողանում քայլել: Երազում էի՝ գոնե պահ լիներ, որ կարողանայի հանգիստ քայլել: Մի քանի ամիս բուժումներ ստանալուց հետո քիչ-քիչ վերականգնվեցի: Գիտեմ, որ շատ պետք է աշխատեմ, բայց երազանքս է գոնե տարիքային ինչ-որ հավաքականում խաղալ»,-ասաց նա:

2021 փետրվարի նոր-նոր սկսելով ակտիվորեն քայլել և տեղաշարժվել՝ Ռաֆայելը կրկին սկսել է հանդես գալ «Ալաշկերտ-2»-ում, որտեղ խաղում էր նաև պատերազմից առաջ:

v1.jpg (82 KB)

«Նպատակներս շատ են․ ուզում եմ գա մի օր, որ կարողանամ խաղալ եվրոպական ինչ-որ թիմում: Բայց ճանապարհիս սկիզբը Հայաստանում է՝ «Ալաշկերտ»-ի երկրորդ թիմում: Պատերազմի ժամանակ մտածում էի՝ եթե անգամ վիրավորվեմ, ոտքերիս հանկարծ բան չլինի, որ հետո էլ կարողանամ ֆուտբոլ խաղալ»,-ասաց նա:

Ռաֆայելը վերականգնողական կուրսերի ժամանակ ինքն իրեն մարտահրավեր նետելով է անցել բուժական փուլը` հավատալով, որ նորից ֆուտբոլ է խաղալու:

GEV7953-2.JPG (597 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում