Միջազգային

Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կործանիչները ռուսական ինքնաթիռ են որսացել

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կործանիչները ռուսական ինքնաթիռ են որսացել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կործանիչները մարտի 14-ին Էստոնիայի օդային տարածքի մոտ ռուսական ինքնաթիռ են որսացել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Երկու Typhoon կործանիչները որսացել են Իլ-78 լիցքավորող ինքնաթիռը, որը թռչում էր Սանկտ Պետերբուրգի և Կալինինգրադի միջև։ Հաղորդվում է, որ ռուսական ինքնաթիռն Էստոնիայի ավիակարգավարների հետ կապ չի հաստատել։

Բրիտանիայի և Գերմանիայի ռազմաօդային ուժերը պլանային հերթապահություն են իրականացնում տարածաշրջանի ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքում: Ըստ BBC-ի՝ ռուսական ինքնաթիռը որսալու գործողությունը սովորական բնույթ է կրում, սակայն սա բրիտանական և գերմանական օդուժի առաջին նման համատեղ գործողությունն է։

Իլ-78-ը որսալուց հետո երկու Typhoon կործանիչներն ուղարկվել են՝ որսալու Ան-148 ինքնաթիռը, որը նույնպես, ըստ պարբերականի, թռչում էր Էստոնիայի օդային տարածքի մոտ:

Նման միջադեպ է տեղի ունեցել Սև ծովի երկնքում ռուսական Սու-27 ինքնաթիռների կողմից MQ-9 Reaper հետախուզական ԱԹՍ-ն որսալու ֆոնին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ամերիկյան կողմը նշում է, որ իր MQ-9 Reaper հետախուզական ԱԹՍ-ն բախվել է ռուսական Սու-27 կործանիչների հետ Սև ծովի միջազգային օդային տարածքում, այնուհետև ընկել է ջուրը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է բախման մասին տեղեկությունը և պնդում, որ անօդաչու թռչող սարքն անջատված հաղորդիչներով թռչում էր դեպի Ղրիմի թերակղզի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում