Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից․ խոսնակը՝ Արցախի նախագահի հրաժարականի լուրի մասին

Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից․ խոսնակը՝ Արցախի նախագահի հրաժարականի լուրի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պետական լրատվական գործակալությունը գրում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում ու լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձանց միջև բախումների, Արցախում ներիշխանական լարվածության, քաղաքական ամենատարբեր պառակտիչ գործընթացների, Արցախում պաշտոնանկությունների ու հրաժարականների վերաբերյալ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախպրես»-ը շրջանառվող այս լուրերի շարքում ամենաքննարկվող թեմայի` Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցադրում է կատարել նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով ի պատասխան նշել է, որ Արցախի Հանրապետության համար այս բարդ փուլում նախագահ Հարությունյանը շարունակում է իրականացնել իր պարտականությունները։

 «Հատկապես այս ժամանակաշրջանում ներքին ցանկացած ցնցում Արցախի համար կարող է կործանարար լինել, և նախագահն իր լիազորությունների շրջանակներում բացառելու է նման իրավիճակները։

Նախագահը քանիցս հրապարակավ անդրադարձել է իր հրաժարականի թեմային և նրա ասածները մնում են ուժի մեջ, այն է՝ ինքը հրաժարական կտա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ստացվի ապահովել բնականոն իշխանափոխությունը և խուսափել վտանգավոր ցնցումներից: Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի այսպիսի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից»,- ասել է Ավանեսյանը։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների հարցին՝ նա հավաստիացրել է, որ շարունակվում են աշխատանքային հարաբերությունները, քննարկումներն ու, ըստ կարիքի՝ բանավեճերը:

«Սակայն ինչ ներքին քննարկումներ ու գործընթացներ էլ տեղի ունենան՝ նախագահ Հարությունյանը համոզված է, որ հայության տարբեր հատվածների միջև պառակտումն ու լարվածության աճն անընդունելի են և վտանգավոր»,- ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am