Քաղաքականություն

Հայաստանը չի քննարկել Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց․ ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը չի քննարկել Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե Բաքուն պնդում է, որ այդ երկխոսության օրակարգում պետք է լինի Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցը, և հայտնի է՝ Ստեփանակերտը մերժում է:

«Մենք այդպիսի հարց չենք քննարկել: Բոլորն էլ հրապարակային խոսել են, որ այդ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, և հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն»,- ասել է Գրիգորյանը։

Հարցին, թե Երևանի դիրքորոշու՞մն է, որ չպետք է քննարկվի, ԱԽ քարտուղարը պատասխանել է․

«Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի շրջանակներում»։

Դիտարկմանը, թե ըստ Ադրբեջանի՝ դա կարող է և ենթադրել ինտեգրացիա, Գրիգորյանն ընդգծել է՝ եթե կանխորոշվում է վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին:

«Դրա համար որպեսզի բանակցությունները տեղի ունենան, պետք է հնարավորություն ստեղծել քննարկումների մասին, և պետք է մնալ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետև մենք պայմանավորվել ենք քննարկելու անվտանգություն և իրավունքներ»,- եզրափակել է Գրիգորյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում