Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին

Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական 
կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանեց Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Բաքուն հավաքել է այդ ականները ՀՀ ինքնիշխան տարածքից:

«Հայաստանն իր ինքնիշխան տարածքում ականներ տեղադրել է զուտ պաշտպանական նպատակներով, արել դա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները: Հայաստանն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղադրում՝ հատկապես քաղաքացիական տարածքներում և չի փորձում ռասայական հիմքով թիրախավորել քաղաքացիներին: Ադրբեջանն այն ականները, որոնց վերաբերյալ բողոքում է, հավաքել է Հայաստանի ինքնիշխան տարածքից, որոնք Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են 2021-2022 թվականներին: Ուստի, Ադրբեջանը փորձում է իր անօրինական ագրեսիայի գործողություններից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ ապացուցողական բազա ձևավորել իր միջնորդությունը հիմնավորելու համար: Այս միջնորդությունը զուրկ է հիմքերից: Ես հուսով եմ, որ դատարանը Ադրբեջանին թույլ չի տա դատարանի վարույթը չարաշահել՝ փորձ անելով իր իսկ կատարած անօրինական գործողությունների հետևանքներից օգտվել»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահանջը հերթական ակնհայտ փորձն է ուշադրությունը շեղելու իր չարագործություններից: Կիրակոսյանն ընդգծեց՝ Ադրբեջանն իր միջնորդությունը ներկայացրել է Հայաստանի միջնորդությունից ընդամենը 6 օր անց, չնայած այն փաստին, որ իր ենթադրյալ ապացույցների մեծ մասն ամիսներ շարունակ իր տնօրինության տակ են:

Հունվարի 30-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում կայացել են Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի լսումները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]