ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Սպահան նահանգում, հունվարի 28-ին՝ երեկոյան ժամը 23։30-ին։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ԱԹՍ-ները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Press TV-ն։
Իրանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հարձակումը ձախողվել է։
«ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել», - մեջբերում է լրատվամիջոցը Իրանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը։
Դեպքի հետևանքով տուժածներ չկան, թեթև վնասվել է գործարանի տանիքը։ Իրանի ՊՆ-ն հավելել է, որ հարձակումից հետո գործարանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։
The Guardian պարբերականն իր հերթին, հղում անելով իրանական մի շարք լրատվական գործակալությունների, հաղորդում է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։ Այնուամենայնիվ, չի նշվում, թե որն է եղել հրդեհի պատճառը և արդյոք այն որևէ առնչություն ունի Սպահանում տեղի ունեցած միջադեպի հետ։