Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հունաստանի իշխանությունները եվրոպացի դեսպաններին ցույց են տվել Թուրքիայի հետ սահմանի արգելապատը

Հունաստանի իշխանությունները եվրոպացի դեսպաններին ցույց են տվել 
Թուրքիայի հետ սահմանի արգելապատը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի իշխանությունները Եվրամիության 27 երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Մեծ Բրիտանիայի դեսպաններին ծանոթացրել են Թուրքիայի հետ ցամաքային սահմանի պահպանությանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցներին և ցույց են տվել սահմանի արգելապատը. ուղևորությունը կազմակերպել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարարությունը: Դեսպաններն այցելել են նաև Ալեքսանդրուպոլիս նավահանգիստ, որով ռազմական տեխնիկա է մատակարարվում Ուկրաինա և Արևելյան Եվրոպա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Քաղաքացիների պաշտպանության նախարար Տակիս Թեոդորիկակոսը դեսպաններին պատմել է, որ անօրինական ներգաղթը սահմանափակելու նպատակով Հունաստանի կառավարությունը որոշել է ուժեղացնել պաշտպանության միջոցները սահմաններին և «Ակրիտաս» նախագծով սկսում է առաջին փուլում ևս 35 կմ արգելապատ կառուցել Թուրքիայի հետ ցամաքային սահմանին՝ Էվրոսում: Նախագծի բյուջեն կազմում է 100 մլն եվրո և ամբողջությամբ ծածկվում է Հունաստանի պետական բյուջեի հաշվին։

Սահմանին արդեն 37,5 կմ երկարությամբ արգելապատ է կառուցվել, այն ցույց են տվել դեսպաններին։

«Եվրոպական պետությունների և նրանց քաղաքացիների անվտանգությունն անհրաժեշտ պայման է ապօրինի ներգաղթի դեմ պայքարի և, հետևաբար, արտաքին սահմանների պաշտպանության համար այստեղ՝ Էվրոսում: Այդ իսկ պատճառով նախագիծը կարիք ունի ոչ միայն հունական պետության, այլև եվրոպական հասարակական կարծիքի, ինչպես նաև հենց Եվրամիության և եվրոպական պետությունների՝ առանձին-առանձին, աջակցության կարիքը։ Այսօրվա հանդիպումն այստեղ միասնության և համերաշխության ազդանշան է ուղարկում և արտահայտում Թուրքիայի հետ եվրոպական սահմանների արդյունավետ պահպանության, միջազգային իրավունքի կիրառման մեր ընդհանուր կամքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և համագործակցության մեր վճռականությունը»,- ասել է Թեոդորիկակոսը:

Նախարարի տվյալներով՝ 2022-ին Հունաստանում կանխվել է 260 հազար անօրինական ներգաղթյալների անօրինական մուտքը Եվրոպա, ձերբակալվել է մոտ 1500 մարդավաճառ։

«Միայն այս տարվա՝ 2023-ի առաջին 14 օրվա ընթացքում հունական ոստիկանությունը Էվրոսի շրջանում ձերբակալել է 26 մարդավաճառի, այս ընթացքում սահմանը ամեն օր, նույնիսկ ձմռան կեսին, փորձում է հատել 300-400 մարդ»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ այսօր տարածաշրջանում ծառայում է 1800 սահմանապահ, 2023-ին սահմանապահ ծառայությունը կուժեղացվի ևս 400-ով, 250-ը աշխատանքի կանցնեն փետրվարին։

Թեոդորիկակոսը դեսպաններին հայտարարել է, որ 2022-ին Հունաստանի և Թուրքիայի միջև կղզյակում հնգամյա աղջկա մահվան մասին լուրերը սուտ են, և ոմանք «մարդկային տառապանքները շահագործում են» քաղաքական նպատակներով։

Պաշտոնյան Թուրքիայի վրա է դրել սահմանին տիրող բարդ իրավիճակի պատասխանատվությունը։ «Ցավոք, հարևան երկիրը ոչ միայն միջոցներ չի ձեռնարկում հոսքերն արդյունավետորեն կանխելու համար, ինչպես նախատեսված է 2016 թվականի մարտի 18-ի ԵՄ-Թուրքիա համատեղ հռչակագրում, այլև դրա փոխարեն խրախուսում է միգրանտներին գալ մեր սահմանների մոտ»,- ասել է նա։

Ալեքսանդրուպոլիս նավահանգստում դեսպաններին պատմել են տարածաշրջանի, Բալկանների և, ընդհանրապես, Եվրոպայի համար քաղաքի և դրա նավահանգստի կարևորության մասին։

Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը խոշորագույնն Է դարձել դեպի Արևելյան Եվրոպա և ուկրաինա ամերիկյան ռազմական տեխնիկայի տարանցման համար։ Ըստ ԶԼՄ-ների՝ միայն հուլիսին այնտեղ է ուղարկվել 2500 ռազմական մեքենա և այլ տեսակի սպառազինություն: 2022-ի դեկտեմբերին ԱՄՆ-ն Ալեքսանդրուպոլիսով ռազմական տեխնիկայի 19 երկաթուղային շարժակազմ է ուղարկել Եվրոպա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am