ՄՔՄՄԿ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանը հունվարի 18-ին ընդունել է Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագներին և ՄՔՄՄԿ հայաստանյան թիմի ղեկավար Քարել Հոֆսթրային:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտում կատարվող բարեփոխումների ծրագրերը, քննարկվել է միգրացիայի կառավարման և քաղաքացիության հարցերի ոլորտում միջազգային լավագույն փորձը: ՄՔԾ ղեկավարը հայտնել է, որ առաջնահերթությունների ցանկում են գործընթացների թվայնացումը, ծառայությունների մատուցման որակի բարելավումը և նոր ձևավորված մարմնի գործառույթների և վարչարարության օպտիմալացումը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նաև համագործակցության շարունակականությունը: ՄՔՄՄԿ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը սահմանների կառավարմանն ու միգրացիոն գործընթացներին առնչվող հարցերում, վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում, ինչպես նաև տեխնիկական վերազինման և փորձագիտական աջակցության տեսքով: