Մշակույթ

Հայ կինոյի 100-ամյակի առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ցուցադրություններ կկազմակերպի արտերկրում

3 րոպեի ընթերցում

Հայ կինոյի 100-ամյակի առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ցուցադրություններ կկազմակերպի արտերկրում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի 100-ամյակի և Հայկական անիմացիայի 85-ամյակների առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը մեր կինոժառանգությունը կներկայացնի միջազգային հարթակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց՝ երկու տարի է՝ մեծ աշխատանք են կատարում արտերկրում հոբելյանական միջոցառումներ կազմակերպելու առթիվ:

Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ միջազգային հարթակներում պետք է ներկայացվի «Հայ կինո-100» ծրագիրը: Փետրվարին այն կընդգրկվի Իրանի «Ֆաջր» կինոփառատոնում: «Մենք մասնակցելու ենք նաև Բեռլինի կինոշուկային: Ներկայացնելու ենք ժամանակակից կինոն, սակայն կինոշուկայում Հայաստանի տաղավարը ձևավորվելու է «Հայ կինո-100» գաղափարի հիման վրա: Մարտին հայկական կինոն կներկայացվի Փարիզի սինեմատեկում: Հաջորդը կլինի Կաննի հեղինակավոր փառատոնը, որը մեզ համար շատ լուրջ հարթակ է: 2022-ին մեծ աշխատանք ենք կատարել այնտեղ: Ըստ նախնական պայմանավորվածության՝ վերականգնելու, թվայնացնելու ենք Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը, որը ցուցադրելու ենք «Կաննի դասականներ» բաժնում: Այն 1966 թվականին որպես խորհրդային ֆիլմ ընդգրկված է եղել Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Այս անգամ կցուցադրվի որպես հայկական կինո»,-շեշտեց Միրզախանյանը:

Նրա խոսքով՝ հայկական ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը մեծ է տարբեր երկրներում, ինչը նաև կինոկենտրոնի՝ վերջին տարիներին կատարած լայնածավալ աշխատանքի արդյունք է: «Կան երկրներ, որոնք հաճախ առաջին անգամ են լսում հայկական կինոյի մասին, կան երկրներ, որոնք զարմանում են, որ մենք ունենք համր ֆիլմեր, որոնք կարողացել ենք պահպանել: Մենք հասանելի ենք դարձրել մեր կինոն, և այսօր ԱՄՆ-ից սկսած, եվրոպական մի շարք երկրներով ավարտված հետաքրքրվում են հայկական ֆիլմարտադրությամբ»,-ընդգծեց կինոկենտրոնի տնօրենը:

Միրզախանյանը պատմեց, որ մեկ օր առաջ Հնդկաստանի գործընկերներից նամակ է ստացել, որում ասվում է, որ պատրաստ են անվճար հայկական ֆիլմի վերականգնողական աշխատանքներ կատարել: Եթե կինոկենտրոնը հավանի կատարած աշխատանքը, կարող են նաև հետագայում համագործակցել:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում