Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանից մինչև Ռուսաստանի հետ սահման ամենաերկար թունելի շինարարությունը կիսով չափ ավարտված է

Վրաստանից մինչև Ռուսաստանի հետ սահման ամենաերկար թունելի 
շինարարությունը կիսով չափ ավարտված է

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-ռուսական սահման տանող մայրուղու վրա Քվեշեթի-Կոբի թունելի շինարարությունը շարունակվում է. փորված է 9 կիլոմետրանոց թունելի ավելի քան 4,5 կիլոմետրը, հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik գործակալության վրացական ծառայությանը:

Քվեշեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի տեղամասի շրջանցիկ ճանապարհն է, որտեղ ձմեռային ժամանակաշրջանում հաճախ ձնահյուսերի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։

Վրաստանը Ռուսաստանին կապող Ռազմավիրական ճանապարհի վրա թունելի կառուցումը թույլ կտա նաև հայ բեռնափոխադրողներին այլևս օրերով կանգնած չմնալ «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին։ Թունելի հորատման աշխատանքներն իրականացվում են TBM (Tunnel Boring Machine) մեքենայի միջոցով, որը հատուկ պատրաստված է Քվեշեթի-Կոբի նախագծի համար:

Նախագծի շրջանակներում պլանավորվում Է երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհի, հինգ կամուրջների, հինգ թունելների կառուցում և մեկ կամրջի վերանորոգում։ Դրանց թվում է Վրաստանում ինը կիլոմետր երկարությամբ և 15 մետր տրամագծով ամենամեծ թունելի կառուցումը Խաչի լեռնանցքի տակ։ Դա կլինի Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը: Աշխատանքները կիրականացնի չինական China Railway 23rd Bureau Group Co. ընկերությունը:

Նախագծի համաձայն՝ նոր ճանապարհի գոտում կընդգրկվեն Քվեշեթի, Արախվեթի, Զակաթքարի, Բենիան-Բեգոնի, Սվիանա-Ռոստիանի, Մուգուրե, Ծկերե և Կոբի գյուղերը։ Այս պահին գործող ճանապարհի երկարությունը կազմում է 34 կիլոմետր, թունելն այն կկրճատի 11 կիլոմետրով, իսկ ճանապարհին գտնվելու ժամանակը՝ 1 ժամով։

Միևնույն ժամանակ Գուդաուրի առողջարանով տարանցիկ փոխադրումներ չեն իրականացվի։ Մի կողմից, սա կթեթևացնի հանգստավայրի ճանապարհով երթևեկությունը, իսկ մյուս կողմից, տարանցումը կդառնա ավելի անվտանգ։ Շինարարությունն իրականացվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի ավարտը պլանավորվում Է 2024 թվականին։ Նախագծի արժեքը 1,2 միլիարդ լարի է (ավելի քան 445 մլն ԱՄՆ դոլար)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]