Հասարակական

Հայ-ռուսական համալսարանում կայացավ առաջին գլոբալ ֆորումը իրավաբանների մասնակցությամբ

5 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական համալսարանում կայացավ առաջին գլոբալ ֆորումը իրավաբանների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ռուսական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտների մասնակցությամբ դեկտեմբերի 4-ին կայացավ իրավունքի թեմայով առաջին գլոբալ ֆորումը։ Համալսարանի շրջանավարտներին և հյուրերին ուղղված ողջույնի խոսքում Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նախ շնորհակալություն հայտնեց ֆորումի կազմակերպիչներին, նախկին և ներկա շրջանավարտներին՝ ընդգծելով, որ ՀՌՀ-ի սաները Հայաստանում արդեն իսկ լայն ճանաչում ունեցող իրավագետներ են․փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, որոնք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։

«Շատ եմ կարևորում այն, որ դուք օժտված եք քաղաքացիական անկեղծ դիրքորոշմամբ, երկրի նկատմամբ պատասխանատվության զգացումով, որով տարբերվում եք մյուս համալսարանների շրջանավարտներից։ Շնորհակալություն եմ հայտնում և երախտապարտ եմ ձեզ, որ դուք կրում եք այն գեղեցիկ արժեքները, որոնք այս համալսարանի ստեղծման հիմքն են հանդիսացել»,- ընդգծեց Դարբինյանը։

Ակադեմիական ազատություն, սեր, արդարություն, համերաշխություն, ստեղծարարություն, արժանապատվություն, իմացություն և անհատական զարգացու. ահա այս արժեքներն են, ըստ ռեկտորի, որոնք Հայ-ռուսական համալասարանի համար սկզբունքային են։

«Ուրախ եմ, որ այդ ամենը կյանքի է կոչվել, և մեր առօրյա կյանքում արդեն իսկ կան այդ արժեքների դրսևորումները։ Շատ կցանկանայի, որ մեծամասնություն լինեինք, բայց, խնդրում եմ չհիասթափվել, մենք չենք լինի մեծամասնություն, այլ կլինենք հաղթող փոքրամասնություն, որովհետև հենց փոքրամասնությունն է համարվում հասարակության սոցիալական կառուցվածքի զարգացման գործոնն այն հասարակությունում, որտեղ նոր է պետականություն կառուցվում և որը բազմաթիվ փորձություններով է անցնել»,- ասաց Դարբինյանը։

Ռեկտորը ուրախությամբ արձանագրեց, որ այսօր Հայ-ռուսական համալսարանը դարձել է փառահեղ գիտահետազոտական կենտրոն և առաջատար դիրք է զբաղեցնում բուհերի շարքում։

«Համալսարանն ունի փառահեղ գիտական նվաճումներ, որոնք մեր առաջատար դիրքի հիմք են հանդիսանում ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում և հետխորհրդային երկրներում։ Մենք 5 տարի է առաջատար ենք, և դա ակնառու նվաճում է»,- ընդգծեց Դարբինյանը։

Միջոցառման գլխավոր բանախոս, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, իրավաբանական գիտություններիդոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար և առաջարկեց նման ձևաչափով հաճախակի ֆորումներ, գիտաժողովներ և քննարկումներ կազմակերպել օրհասական խնդիրներին լուծում տալու նպատակով։ Գիտնականը «Իմունային անբավարարությունը որպես ժամանակակից պետությունների ձախորդությունների գլխավոր համախտանիշ» թեմայով դասախոսություն կարդաց՝ ներկայացնելով հասարակության և պետական համակարգի խոչընդոտները դինամիկ զարգացման ճանապարհին։

«Հաճախ եմ ինձ բռնում այն մտքի վրա, որ մեր ժամանակի զգալի մասը կորցնում ենք առօրեական տարբեր խնդիրներ քննարկելով և հաճախ չենք էլ ափսոսում, թե ժամանակը և էներգիան ինչպես է կորչում։ Կան գլոբալ խնդիրներ, որոնց ուշադրություն չի դարձվում, սակայն դրանք մարտահրավերներ են, որոնք համամարդկային բնույթի են, լրջագույն խնդիրներ են, որոնք նույն վտանգը ունեն, որն այսօր ունի, ենթադրենք, ատոմային պատերազմը։ Իմ դասախոսության թեման լրջագույն խնդիր է, և իսկապես հասարակությունը և պետական համակարգը այսօր չունի բավարար իմունային համակարգ, որպեսզի կարողանա դինամիկ զարգացում երաշխավորել։ Սա նշանակում է, որ հիմնախնդիրները կուտակվում են, կրիտիկական զանգված են հավաքում և բերում են տարաբնույթ պայթյունների։ Եթե դա չկանխվի, վիճակը շատ ավելի է բարդանալու»,- ասաց Հարությունյանը։

Ֆորումի ժամանակ տեսաուղերձով հանդես եկան ՀՌՀ-ի տարբեր տարիների շրջանավարտները։ Նրանք կիսվեցին իրենց մասնագիտական հաջողության պատմությամբ և ընդգծեցին, որ համալսարանում ստացած գիտելիքները առանձնահատուկ նշանակություն են ունեցել կարիերայի զարգացման գործում։

Միջոցառման շրջանակներում վարպետաց դաս վարեցին իրավաբանական գիտությունների դոկտոր, «Մ-Լոգոս» իրավաբանական ինստիտուտի տնօրեն Արտյոմ Կարապետովը, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Յարկովը և Հայ-ռուսական համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը. նրանք պատասխանեցին նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին։

Ֆորումի ժամանակ անցկացվել են նաև իրավունքի հետ առնչվող խնդիրների հետ կապված կլոր սեղաններ և քննարկումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում