ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը դեռևս շարունակում է խոչընդոտել, թույլ չտալ, որ հայկական կողմը որոշ տարածքներից հանի ադրբեջանական կողմի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին: Եվ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի մարմինները: Ադրբեջանը դեռևս խոչընդոտում է և չի տալիս իր թույլտվությունը, որ մարմինները հանվեն»,-ասաց Գրիգորյանը:
Սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով այս պահի դրությամբ հայկական կողմից անհետ կորած է համարվում 29 մարդ: Ըստ ՄԻՊ-ի՝ այդ թիվը կարող է պարբերաբար փոխվել, երբ, օրինակ, մարմինների նույնականացում է արվում:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի վերջին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը ևս հայտնել էր, որ հայկական կողմը գիտի, թե սեպտեմբերի 13-ի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով որտեղ քանի դի կա, սակայն մարմինները դուրս բերելու փորձերը հանդիպել են ադրբեջանական ուժերի ուժեղ կրակին: