Հասարակական

Ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը նախատեսվում է բարձրացնել

2 րոպեի ընթերցում

Ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը նախատեսվում է բարձրացնել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը կբարձրանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:

«Նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված պատասխանատվության միջոց 200 հազար դրամը փոխարինել և սահմանել մինչև 1 տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ»,-ասաց Դանիելյանը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ գործող կարգավորումներով՝ թույլատրելի զանգվածը գերազանցի 1, թե 5 տոննայով, պատասխանատվության միջոցը նույնն է՝ չնայած ճանապարհին հասցվող վնասը անհամեմատ տարբեր է: Այս փոփոխության նպատակն է իրավախախտմանը և ճանապարհին հասցվող վնասին համաչափ պատասխանատվության միջոց կիրառել:

Նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն և կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում