Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Նման հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասին

Նման հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության 
ենթարկվեն. Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտը սահմռկեցուցիչ է համարում ադրբեջանցիների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութը, շեշտում, որ նման հանցագործությունների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն:  Նախարարը վստահ է՝ տևական խաղաղություն կարող է լինել միայն բանակցությունների միջոցով: Նախարարը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ հոկտեմբերի 19-ին Հայաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում:

«Ադրբեջանցիների կողմից անզեն հայերին գնդակահարելու տեսանյութերը  սահմռկեցուցիչ են, և մենք ստիպված եղանք արձագանքել: Նման հանցագործությունների պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց Հյութֆիլդտը:

Նախարարն ընդգծեց՝ իրեն ոգևորել է վերջերս Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում արված հայտարարությունը, որով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են, որ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Աննիկեն Հյութֆիլդտը սա համարեց ճիշտ ուղղությամբ արված կարևոր քայլ ՝ դեպի խաղաղ լուծում։

Նորվեգիան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Հյութֆիլդտը հավատացած է, որ տևական խաղաղություն կարող է լինել միայն բանակցությունների միջոցով։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարն իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը միաժամանակ վերահաստատել էր  Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը:

Խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ վերջին ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների մասին՝ արտգործնախարարն ասաց՝ հասկանում են, թե ինչ դժվար իրավիճակում են հայտնվել շատ հայեր երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում՝ հիշեցնելով, որ Նորվեգիան արդեն իսկ ներգրավված է տարածաշրջանում հումանիտար աջակցության որոշ ծրագրերում, որոնք օգուտ են բերում նաև հայերին:

«Այստեղ իմ այցի նպատակներից մեկն է ավելի լավ հասկանալ՝ արդյոք Նորվեգիան կարո՞ղ է և ինչպե՞ս կարող է օգնել և համագործակցության նոր ոլորտներ գտնել»,-նշեց Հյութֆիլդտը:

Անդրադառնալով Հայաստանի և Նորվեգիայի հարաբերություններին, Հայաստանում և տարածաշրջանում Նորվեգիայի առաջնահերթություններին՝ նախարարն ընդգծեց, որ

իրենք ոգևորված են ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանի նվիրվածությամբ:

«Դա համարձակ ընտրություն է բարդ տարածաշրջանում դժվարին ժամանակում։ Իմ այցելության նպատակն է մասամբ ուսումնասիրել, թե Նորվեգիան ինչպես կարող է աջակցել ձեզ այս հարցում: Մենք ցանկանում ենք մեր հայ ընկերների հետ ընդլայնել մեր երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Մենք նաև հավատում ենք, որ խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև Եվրոպայի և Նորվեգիայի համար»,-նշեց նա:

Նախարարը վստահեցրեց նաև, որ Նորվեգիան կշարունակի աջակցել Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրին: «Եվրոպայի խորհուրդը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու մարդու իրավունքների միջազգային որոշ կազմակերպություններ մեր  հիմնական ուղիներն են՝ Հայաստանում կարևոր բարեփոխումներին աջակցելու համար»,-ասաց  Հյութֆիլդտը:

Իսկ տարածաշրջանում աջակցության համար առաջնահերթություններն են օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և շրջակա միջավայրը:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am