Սոթք եւ Կութ բնակավայրերում սկսվել են ադրբեջանական ագրեսիայից քանդված բնակարանների վերականգնման աշխատանքները
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Վարդենիս համայնքի Սոթք եւ Կութ բնակավայրեր՝ դիտարկելու այս տարվա սեպտեմբերի 13-ի եւ 14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով քանդված բնակարանների վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով։ Ինչպես «Արմենպրես»-իններկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավարը, շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ եւ ընթանում են առանց խոչընդոտների։ Նորոգվում են վնասված տանիքները, առաստաղները, լուսամուտները, պատշգամբները, պատերը։ Կարեն Սարգսյանը շրջայց կատարեց նորոգվող բնակարաններում, զրուցեց բնակիչների հետ, լսեց շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրների մասին, համայնքի ղեկավարին եւ վարչական ղեկավարներին տվեց համապատասխան ցուցումներ։
Բնակիչները շնորհակալություն հայտնեցին ՀՀ կառավարությանը եւ Վարդենիսի համայնքապետարանին եւ վստահեցրին, որ տրամադրված միջոցներով սեղմ ժամկետներում կհասցնեն վերականգնել իրենց բնակարանները եւ վերադառնալ բնակության ու կանոնավոր կյանքի։ Այցի ավարտից հետո Կարեն Սարգսյանը կիսվեց իր տպավորություններով։
«Սոթքում ադրբեջանական հրետակոծությունից վնասված 86 բնակարանների սեփականատերերին բնակարանների վերականգնման նպատակով տրամադրվել է գույքագրմամբ նախատեսված գումարի չափի 50 տոկոսը։ Մնացած գումարը կտրամադրվի շինարարական աշխատանքների ընթացքում։ Բնակարանների վերականգնման, ինչպես նաեւ տեղահանված բնակչության վերադարձի խնդիրները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Շինարարության ընթացքում ի հայտ եկած ցանկացած խնդրի համար մենք կգտնենք համարժեք լուծում, որպեսզի մարդիկ օր ու ժամ առաջ անցնեն բնականոն կյանքի։ Կութում վերականգնման աշխատանքներ այժմ ընթանում են վնասված 5 բնակարաններում»,-ներկայացրեց մարզպետը։
Խոսրով Խլղաթյան