Հարցազրույց

Ստեփանակերտը թոթափել է պատերազմից կրած նյութական վնասները. քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

12 րոպեի ընթերցում

Ստեփանակերտը թոթափել է պատերազմից  կրած նյութական վնասները. քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն անդրադարձել է պատերազմական գործողությունների հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված ծրագրերին, շինարարական աշխատանքներին, բնակչության աճով պայմանավորված խնդիրներին ու դրական փոփոխություններին, Ստեփանակերտի հետպատերազմական կյանքին վերաբերող այլ ուշագրավ հարցերի: Դավիթ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին, որը ներկայացնում ենք ստորև.

-Պատերազմից հետո Ստեփանակերտում որքանով են վերականգնվել հրթիռահրետակոծության հետևանքով վնասված շենք-շինությունները, ենթակառուցվածքները և այլն: Այդ աշխատանքներն արդեն ավարտվե՞լ են, թե շարունակվում են:

- Պատերազմից հետո մայրաքաղաքում ձևավորվել է փաստահավաք խումբ, որը տարբեր գերատեսչությունների հետ տեղերում ուսումնասիրել և վեր է հանել հրետակոծությունից վնասված շենք-շինությունների հասցեներն ու ենթակառուցվածքները: Բայց մինչ այսօր էլ մեր քաղաքացիների կողմից ստանում ենք դիմումներ՝ իրենց այս կամ այն անշարժ գույքի հրետակոծված լինելու վերաբերյալ, սակայն դրանց վնասների ծավալները անհամեմատ փոքր են: Պատերազմի օրերին, բացի մասնավոր հատվածից, հասարակական նշանակության օբյեկտներից ու բազմաբնակարան շենքերից, մեծապես տուժել են ենթակառուցվածքները ևս: Վերջիններս նպատակային էին թիրախավորվել, քանզի գաղտնիք չէ, որ նաև նրանց հուսալիության շնորհիվ է հնարավոր ապահովել բնակավայրի կենսագործունեությունը: Թշնամու նշանառության տակ էր մասնավորապես էներգոցանցը: Քանի որ քաղաքի ողջ վարչական տարածքն էր օրուգիշեր հրետակոծվում, լրջորեն վնասվել են նաև տրանսպորտը, լուսացուցային համակարգն ու ջրաբաշխիչ ցանցը: Ի պատիվ մեր համայնքային ընկերությունների ու գործընկեր կազմակերպությունների և հուրախություն բոլորիս՝ Ստեփանակերտի ենթակառուցվածքներն այսօր լրիվությամբ վերականգնված են: Թերահավատներին հրավիրում եմ Արցախի մայրաքաղաք դրանում անձամբ համոզվելու: Քաղաքը հիմնականում թոթափել է նյութական վնասները: Որոշ տեղերում պատերազմից մնացած հետքեր դեռ կան, բայց դրանց վերացումն էլ արդեն ընթացքավորված է:

-Քաղաքապետարանը ինչ գործառույթներով է մասնակցություն ունենում Ստեփանակերտում ընթացող լայնածավալ շինարարությանը: Որքանո՞վ են լուծում ստացել սոցիալական տարբեր խմբերի՝ մասնավորապես զոհված, անհայտ կորած զինծառայողների և դեռևս Արցախյան շարժման և առաջին պատերազմի տարիներից փախստական ընտանիքների բնակարանային ապահովման հարցը:

-Քաղաքապետարանը նշված ոլորտի ծրագրերին մասնակցում է իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում: Ստեփանակերտում շինաշխատանքներն իրականացվում են ինչպես համայնքային բյուջեի հաշվին, այնպես էլ կապիտալ շինարարության ծրագրերով՝ պետական միջամտությամբ: Փորձում ենք սոցիալական տարբեր խմբերից հնարավորինս շատ շահառուներ ընդգրկել վերանորոգման ծրագրերում: Այդ գործընթացը շարունակվելու է: Հարկ է նշել, որ վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է եղել գոյամարտի տարիներին զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման խնդիրը: Ընթացիկ տարում ծրագիրը շարունակվել է՝ բնակարանների վերանորոգման և փոխհատուցման տեսքով: Ի դեպ, մեր նահատակների ընտանիքների բնակպայմանների բարելավումը դեռ 2019 թվականին իմ նախընտրական ծրագրի դրույթներից էր, որի իրագործման հարցում հետևողական եղել ու լինելու եմ միշտ:

-Պատերազմից հետո Ստեփանակերտում հաստատվեցին բազմաթիվ տեղահանված ընտանիքներ: Ի՞նչ խնդիրներ էին առկա այդ առումով, որքանո՞վ են դրանք լուծվել և ի՞նչ դրական առանձնահատկություններ է բերել բնակչության թվի աճը Ստեփանակերտում:

- Բոլորս գիտակցում ենք, որ տեղահանվածներն ունեն բազմաբնույթ խնդիրներ՝ սկսած բնակարանայինից, մինչև հոգեբանական: Ճիշտ է, պատերազմից հետո ստեղծվել են համապատասխան պետական կառույցներ, որոնք կոչված են լուծել նրանց խնդիրները, բայց Ստեփանակերտում հաստատվածները, բնականաբար, կենցաղային շատ խնդիրների դեպքում առնչվում են քաղաքապետարանի հետ: Մենք մեր հնարավորության շրջանակում ընդառաջում ենք նրանց: Հիշեցնեմ՝ Ստեփանակերտը բոլոր արցախցիների հայրենի տունն է, հետևաբար նրա իշխանությունն էլ գրկաբաց ընդունեց տնանկ մեր հայրենակիցներին: Ուղղակի բնակչության այդ կտրուկ աճը մեր կողմից անսպասելի էր ու չնախատեսված, ինչն էլ հանգեցրեց քաղաքի ենթակառուցվածքների ծանրաբեռնվածության զգալի աճի: Բայց չեմ տրտնջում: Ես, քաղաքապետարանի ողջ աշխատակազմն ու համայնքային ընկերությունները պատրաստ ենք բազմակի ջանասիրությամբ աշխատել՝ մեր տուժած հայրենակիցների խնդիրներն օր առաջ լուծելու համար: Առավել ևս նրանցից յուրաքանչյուրն իր ինքնատիպությունն է բերել Ստեփանակերտ, իրեն բնորոշ գույնով է համալրել ստեփանակերտյան ներկապնակը՝ այն ավելի բազմերանգ ու գրավիչ դարձնելով:

-Հետպատերազմյան ժամանակահատվածում նաև եռուն աշխատանքներ են տարվում փողոցների ու բակային հատվածների բարեկարգման ուղղությամբ: Այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ:

-Փողոցների բարեկարգումը մեր գործունեության գլխավոր ուղղություններից էր նաև նախքան 2020 թվականի աշունը: Պատերազմից հետո մենք չենք շեղվել այդ ուղուց: Հատկապես ծավալուն ճանապարհաշինական աշխատանքներ ենք կատարել ծայրամասային հատվածներում: Խաղահրապարակների վերանորոգումն ու կառուցումը ևս մեր ուշադրության կենտրոնում է: Շուտով դրանց թիվը կմեծանա: Ստեփանակերտն ունի բավականին ընդգրկուն լուսավորման ցանց՝ հիմնականում լուսադիոդային (էներգախնայող) համակարգով: Տեղացիներն էլ են փաստում՝ Արցախի մայրաքաղաքը երբեք այսչափ լուսավորված չէր եղել: Ուզում եմ նշել, որ բոլոր վերոնշյալ աշխատանքներում շեշտը դրվում է քաղաքի ծայրամասային հատվածների վրա: Ստեփանակերտի համաչափ զարգացումը մեր գործունեության առանցքն է:

-Ի՞նչ փուլում է հրետակոծությունից մեծապես վնասված՝ Ստեփանակերտի 10-րդ դպրոցի վերանորոգումը:

- Նախ ասեմ, որ համար 10 դպրոցի շենքային համալիրը մասնագետների եզրակացությամբ վթարային է գնահատվել դեռ նախքան պատերազմը: Հրետակոծվելու հետևանքով շենքի վիճակը վատթարացել է: Ուստի արդեն այն ոչ թե վերանորոգելու, այլ հիմնովին վերակառուցելու խնդիր է դրվել՝ ներառյալ հիմքերի ուժեղացում և սեյսմակայունության աստիճանի բարձրացում: Մեծ ծավալի աշխատանք արդեն կատարվել է: Ներկա դրությամբ ծրագրի ընթացքն ակտիվ փուլում է: Օրերս 10 հիմնանորոգ դասարաններ կհանձնվեն աշակերտներին: Շենքի մի մասում ներքին հարդարում է կատարվում, մյուսում տանիքն է փոխարինվում ու այդպես շարունակ: Այսինքն, համալիրի տարբեր հատվածներում համաժամանակյա տարբեր աշխատանքներ են կատարվում:

-Ավարտվել է Ստեփանակերտի հուշահամալիրում նոր Եղբայրական գերեզմանոց-պանթեոնի կառուցումը: Ընդհանուր առմամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել: Ի՞նչ է խորհրդանշում նոր հուշակոթողը: Աշխատանքներ կտարվե՞ն նաև Արցախյան առաջին պատերազմում նահատակվածների պանթեոնի և ընդհանուր հուշահամալիրի տարածքի բարեկարգման ուղղությամբ:

-Հարցին պատասխանեմ վերջից: Արցախյան առաջին պատերազմի նահատակների գերեզմանոցը վերանորոգելու, պատշաճ տեսքի բերելու նպատակ ունեինք դեռ նախքան 44-օրյա պատերազմը: Բայց պատերազմի դառը հետևանքները խմբագրեցին մեր անելիքները: Այլևս առաջնահերթ էր վերջին պատերազմում մարտիրոսված տղաների գերեզմանատան կառուցումը: Ինչը հիրավի համազգային պատվի հարց էր. մեր հերոսների հիշատակը նաև այդ կերպ ենք պարտավոր վառ պահել: Նոր Եղբայրական գերեզմանոցի նախագիծը իրականացվել է շատ բարդ ռելիեֆային գոտում: Կատարվել են բարդ հողային աշխատանքներ: Հենապատեր են կառուցվել: Հաջորդիվ բետոնացման ու սալիկապատման աշխատանքներն էին: Շիրմաքարերի տեղադրումից հետո տարածքը բարեկարգվել, կանաչապատվել է: Նաև լուսավորման համակարգ է տեղադրվել: Նորակառույց կոթողը՝ «Լուսո խորան»-ը մատուռ է, որտեղ ցանկացողները կարող են մոմ վառել և աղոթել մեր նվիրյալների հոգիների հանգստության համար: Բայց այդքանով մեր անելիքը Եղբայրական գերեզմանոցում չի սահմանափակվել: Մենք հիշում ենք մեր նախապատերազմյան ուխտը և արդեն առաջարկել ենք նախագծող ընկերություններին Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանոցի վերանորոգման համար: Այն նորակառույցի հետ պետք է համահունչ լինի: Ի վերջո, այնտեղ ննջում են հանուն հայրենիքի ընկածները, իսկ հերոսությունը վաղեմության ժամկետ չունի:

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի ներկայում Ստեփանակերտ-Երևան և ՀՀ այլ քաղաքների հետ համագործակցությունը: Այդ շրջանակներում ի՞նչ ծրագրեր են իրականացվել պատերազմից հետո, որո՞նք են ընթացքում, և ինչ ծրագրեր են նախատեսվում:

-Մենք մեծ նշանակություն ենք տալիս այլ քաղաքների հետ համագործակցությանը: Այս համատեքստում, իհարկե, իր խորհրդով ու կարևորությամբ կառանձնացնեի հատկապես հայկական երկու գլխավոր քաղաքների միջև փոխգործակցությունը: Այն միշտ եղել է բարձր մակարդակի վրա: Պատերազմի օրերին շատուշատ արցախցիներ՝ այդ թվում և ստեփանակերտցիներ, ապաստանել են հենց Երևանում: Պատերազմից հետո, Երևանի ավագանու որոշմամբ, մեծածավալ օգնություն է տրամադրվել Ստեփանակերտի հրետակոծված ենթակառուցվածքների վերանորոգմանն ու արդիականացմանը: Նաև 2021 թվականին երկու քաղաքապետարանների նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել է իր ձևաչափով նախադեպը չունեցող ցուցահանդես-տոնավաճառ՝ «Արցախյան բարիքները» խորագրով: Այսօր էլ շարունակվում է այդ համագործակցությունը տարբեր մակարդակներում: Նախատեսված համատեղ ծրագրեր ունենք, սակայն դրանց իրականացումը կախված է խաղաղության առկայությունից թե՛ Արցախում, և թե՛ Հայաստանում: Այդ իսկ պատճառով կնախընտրեի փակագծեր չբացել: Երևանից բացի Ստեփանակերտը սերտ հարաբերություններ ունի նաև Սյունյաց քաղաքների հետ: Մասնավորապես, ամռանը Ստեփանակերտի քաղաքապետարանի և Կապանի համայնքապետարանի պատվիրակությունները փոխայցեր են կատարել: Որոշակի համատեղ ծրագրեր ենք նախանշել մշակույթի, սպորտի և այլ հնարավոր ոլորտներում: Եղել ենք նաև Գորիսում ու Քաջարանում: Ուզում եմ վստահեցնել՝ մենք բաց ենք կառուցողական համագործակցության համար բոլոր մեծուփոքր բնակավայրերի հետ:

-Ներկայում ի՞նչ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ ունի Ստեփանակերտը:

-Ամենաառաջնահերթ խնդիրը Ստեփանակերտում՝ ինչպես և ողջ Արցախում, անվտանգության ապահովումն է:

Վան Նովիկով

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

Հարցազրույց

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

Քաղաքականություն

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում