Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

19 րոպեի ընթերցում

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադան Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առումով իդեալական լուծում է համարում՝ ընդգծելով, որ այն շատ հստակ ցույց է տալիս Հայաստանի՝ խաղաղության գործընթացին ուղղված կառուցողական հավատարմությունն ու դեպի ապագա շարժվելու հանձնառությունը։ 

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները՝ խոսելով հայ-կանադական հարաբերությունների հեռանկարների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստանում Կանադայի նորաբաց դեսպանության իրականացրած գործունեության և այլ հարցերի շուրջ։ 

-Պարոն դեսպան, 2023 թվականի հոկտեմբերին Կանադան պաշտոնապես բացեց իր դեսպանությունը Հայաստանում. բացման արարողությանը մասնակցում էր նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։ Բացման արարողությունից հետո իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա հայտարարեց, որ դեսպանատան բացումը նպատակ ունի խորացնել և ամրապնդել Հայաստանի ու Կանադայի միջև կապերը։ Ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ներկա մակարդակը և ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք։

-Կարծում եմ՝ գերազանց է։ Միակ դժվարությունը թվարկելն է այն ամենն, ինչ մենք կարողացել ենք անել այս կարճ ժամանակահատվածում: Դեսպանատան բացումից հետո մենք ավելի շատ այցելություններ ենք ունեցել, այդ թվում՝ ավելի շատ խորհրդարանականների այցեր: Մենք ունեցել ենք մեր առաջին գործարար պատվիրակության այցը: Բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաներ են այցելել մեր ոստիկանությունից, զինվորականներից: Ունեցանք նաև Կանանց, խաղաղության և անվտանգության մեր դեսպանի այցելությունը: Այսպիսով, մենք այցերով փոխանակվելու շատ ու շատ հնարավորություններ ենք ունեցել: Եվ, թերևս, ավելի կարևորն այն է, որ ես և իմ գործընկերները՝ լինելով այստեղ՝ դեսպանատանը, հնարավորություն ենք ունեցել տեղում շփվելու հայերի հետ: Միանշանակ, հրաշալի է տեսնել, թե որքան է ողջունվում Կանադայի ներկայությունն այստեղ, և որքան ցանկություն կա ամրապնդելու մեր երկու երկրների միջև գործընկերությունը:

-Պարոն Թըրներ, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումից անցել է գրեթե մեկ տարի: Ինչպե՞ս կգնահատեք այս ընթացքում կատարված աշխատանքը, և ի՞նչ է տվել այն հայ-կանադական  հարաբերություններին։

-Կարծում եմ՝ աշխատանքը շատ լավ է անցել։ Մենք, ակնհայտորեն, ինչպես տեսնում եք, դեռևս ֆիզիկապես մեծ աշխատանք ենք կատարում դեսպանատան ստեղծման ուղղությամբ՝անձնակազմի համալրում, շինարարություն, ծառայողական մեքենաների գրանցման նյութատեխնիկական առաջադրանքներ: Բայց այս ամենը հիմք է դնում ապահովելու, որ դեսպանությունը կարողանա ամրապնդել կապերը Հայաստանի հետ առաջիկա տասնամյակների ընթացքում: Նույնիսկ անցումային այս փուլում մենք ի վիճակի ենք հեշտացնել այցելությունների հետ կապված գործընթացները, փոխանակումները և գործընկերության հնարավորությունները, որոնցից մի քանիսը ես նշեցի: Կան նաև շատ ուրիշ հնարավորություններ. օրինակ՝ մեր դերը Եվրոպական միության դիտորդական առաքելությունում: Կարծում եմ, որ ամուր գործընկերությունը պայմանավորված է նրանով, որ տեղում ունենք գործող դեսպանություն: Այդ գործընկերությունն ավելի կուժեղանա, երբ դեսպանությունն աշխատի իր ամբողջ հզորությամբ:

-Ինչպես գիտենք, Կանադան նաև միացել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը․ այս համատեքստում, ինչպե՞ս կգնահատեք առաքելության աշխատանքն ու, ընդհանուր առմամբ, նրա գործունեությունը, ըստ Ձեզ՝ ո՞րն է առաքելության դերը հայ-ադրբեջանական սահմանային անվտանգության պահպանման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

-Ըստ իս՝ այն աշխատանքը, որը կատարվել է Եվրոպական միության դիտորդական առաքելության կողմից, հատկանշական է եղել։ Կարծում եմ՝ դա միջազգային հանրության հանձնառության շատ տեսանելի, շոշափելի դրսևորումն է, որը փորձում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը: Եվ ես հենց անցյալ շաբաթ հնարավորություն ունեցա կրկին Կանադայից այցելած մեկ այլ պաշտոնյայի հետ համատեղ հանդիպել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարության հետ, հանդիպեցինք կանադացի դիտորդի հետ, որին մենք տեղակայել ենք, և փաստացիորեն, միացանք նրանց պարեկություններից մեկին: Այսպիսով, մենք կարողացանք առաջին ձեռքից տեսնել, որ սահմանամերձ շրջաններում մարդիկ այդքան գոհ են պարեկություններից: Գոհ են, քանի որ նրանք տեսնում են, որ մենք զբաղվում ենք դրանով։ Կատարված աշխատանքի առումով կարող եմ ասել, որ նկատելի է՝ սահմանամերձ շրջաններում, որտեղ տեղի են ունենում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությունները, միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ Մենք աշխատում ենք նաև օգնել՝ զարգացնելու վստահության ամրապնդման հետագա միջոցները: Այսպիսով, ես կարծում եմ, որ Կանադայի կառավարության և հայկական կողմի արձագանքներն իրենք են խոսում իրենց մասին: Ընդհանրապես, կարծում եմ, որ դեսպանատան բացումից բացի, ԵՄ դիտորդական առաքելության մեջ Կանադայի ներդրումն այն է, որ Կանադան ավելի տեսանելի է: Եվ սա, իհարկե, Կանադա-ԵՄ համագործակցության հիանալի օրինակ է: Նաև օրինակ է այն բանի, թե ինչպես է միջազգային հանրությունը համատեղ աշխատում խաղաղության գործընթացն առաջ մղելու ուղղությամբ:

-2020 թվականից Ադրբեջանը շարունակում է ապակայունացնող քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում։ Քաջ հայտնի է, որ ավելի քան 100 հազար էթնիկ հայ նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների պատճառով Լեռնային Ղարաբաղից՝  իրենց պատմական հայրենիքից, բռնի տեղահանության են ենթարկվել։ Բացի այդ, նույնիսկ այսօր Ադրբեջանը հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Այսպիսով, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են այդ գործողություններն ազդում տարածաշրջանում խաղաղության օրակարգի վրա։

-Նախ, թույլ տվեք ասել, որ բացարձակապես սրտաճմլիկ է եղել փախստականների հետ հանդիպելն ու նրանցից լսելն այն ամենի մասին, ինչի միջով նրանք ստիպված են եղել անցնել: Եվ սա նաև մի հարց էր, որի մասին նախարար Ժոլին այցի ընթացքում անձամբ լսելն իր առաջնահերթություն էր համարել: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ դժվար իրավիճակ է, և ինչ տառապանքներ են նրանք կրել։ Եվ ես կարծում եմ, որ դա ուշագրավ է և շատ բարձր է խոսում հայ ժողովրդի մասին այն առումով, թե որքան արագ են նրանք ողջունել և օգնել մարդկանց հարմարվել այստեղ՝ Հայաստանում:

Կանադայի նպատակն է ամեն ինչ անել խաղաղության գործընթացին աջակցելու համար: Տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում այս երկարամյա հակամարտության լուծումը: Միակ երկիրը, որը շահել է անկայունությունից, Ռուսաստանն է՝ երկրներին մանիպուլյացիայի ենթարկելու և իր ազդեցությունը պահպանելու հնարավորություն ունենալու առումով։ Այսպիսով, խաղաղության պայմանագիրը, որը թույլ կտա լուծել այս բոլոր հարցերը, միանշանակ, բխում է բոլորի շահերից: Այն միանշանակ ձեռնտու է նաև Ադրբեջանին: Եվ հույսն այն է, որ նրանք կարող են գիտակցել, որ այժմ հնարավորություն կա լուծելու դա ի շահ բոլորի: Հետևաբար, մենք շարունակում ենք անել ամեն հնարավորն, ինչ կարող ենք, որպեսզի խրախուսենք դա՝ Հայաստանին մեր աջակցությամբ, փախստականներին՝ մարդասիրական օգնության միջոցով, ԵՄ դիտորդական առաքելությունում մեր դերով, սահմանի մոնիտորինգը երաշխավորելով, և մեր դիվանագիտական պաշտպանությամբ՝ աջակցելով ինչպես Հայաստանին, այնպես էլ Բաքվին և Անկարային՝ խրախուսելով նրանց խաղաղության գործընթացում։ Եվ այս ամենն, իհարկե, հաշվի առնելով այն սկզբունքները, որոնցից են՝ փախստականների վերադարձի իրավունքները, մշակութային ժառանգությունը պահպանելու իրավունքները: Դրանք, միանշանակ, պետք է հարգվեն՝ որպես այդ գործընթացի մաս:

-Վերջին տարիներին շատ է խոսվում Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ միաժամանակ սպառնալով ստանալ այն ուժով։ Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի՝ նման ագրեսիվ և ոչ հրահրված պահվածքը։

-Կանադայի փորձից մենք տեսնում ենք տարածաշրջանային տնտեսական համագործակցության և ինտեգրման օգուտը: Մենք ունենք ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի հսկայական օգուտները, և դա մեզ բոլորիս շատ ավելի բարգավաճ է դարձրել, ինչպես նաև ամրապնդել է մեր գործընկերությունն՝ ավելացնելով այդ տնտեսական կապերը: Այսպիսով, ողջ Հարավային Կովկասում առևտրային կապեր ունենալու տրամաբանությունը միանգամայն պարզ է և օգուտ կբերի բոլոր մասնակիցներին։ Այնուամենայնիվ, դա պետք է տեղի ունենա փոխադարձության և միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա: Եվ կան տարբեր լուծումներ, որոնց շուրջ կարելի է բանակցել: Այդ օրինակներից որոշները մենք ունենք Կանադայում, Եվրամիությունը բազմաթիվ այլ օրինակներ ունի։ Այսպիսով, կան ուղիներ, որոնք կարող են օգտագործվել այս գործը «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը-խմբ.» կատարելու համար: Բայց այն իրականություն դարձնելու համար առաջնահերթ է բոլոր կողմերի անկեղծ պարտավորությունը: 

Եվ չնայած երբեմն հուսադրող է տեսնել որոշակի առաջընթաց՝ բանտարկյալների (գերիների-խմբ.) ազատ արձակման վերաբերյալ համաձայնությունները, փոխադարձ աջակցությունը՝ COP հանդիպումը (Կլիմայի փոփոխության մասին գագաթնաժողովը-խմբ.)  հյուրընկալող Ադրբեջանին, որոշ հատվածների սահմանագծման վերաբերյալ պայմանավորվածությունները, այդուհանդերձ երբեմն դրանք նաև ուղեկցվում են, այո՛, ագրեսիվ, սպառնալից հռետորաբանությամբ, որը վստահություն չի ներշնչում։ Եվ հաշվի առնելով, որ այսքան տասնամյակներ եղել է հակամարտություն, և որ եղել են հենց վերջին բռնությունները, հասկանալի է, որ կա վստահության պակաս, և, հետևաբար, բոլոր կողմերի և հատկապես Ադրբեջանի վրա է դրված անել այն ամենն, ինչ կարող է՝ ցույց տալու իր նվիրվածությունը խաղաղությանը և կառուցելու այդ վստահությունը: Եվ այսպես, այս սպառնալից հայտարարություններն, ակնհայտորեն, չեն նպաստում այդ օրակարգի առաջխաղացմանը:

-Ի պատասխան այս պնդումների՝ ՀՀ կառավարությունը հրապարակեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ի՞նչ կարծիք ունի Կանադան այս նախաձեռնության վերաբերյալ։

-«Խաղաղության խաչմերուկ»-ը, կարծես, իդեալական լուծում է։ Այն միավորում է տարածաշրջանի բոլոր երկրները: Այն կառուցում է այդ տնտեսական կապերը: Այն, իսկապես, ապահովում է շահեկան հաղթանակ բոլորի համար: Եվ նորից, ես դա ընկալում եմ որպես զուգահեռ այն համագործակցությանը, որը զարգացրել և ընդլայնել են եվրոպական երկրները՝ ստեղծելով Եվրամիությունը, կրկին, որպես զուգահեռ նաև Հյուսիսային Ամերիկայի համաձայնագրերը։ Այսպիսով, սա կարծում եմ, որ Հայաստանի՝ խաղաղությանն ուղղված հավատարմության շատ հստակ ցուցադրումն է, որը ձգտում է առաջ շարժվել դեպի ապագա և կառուցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա ողջ Հարավային Կովկասում, և ոչ միայն Հարավային Կովկասում, քանի որ այնուհետև այն ավելի լայն օգուտ կբերի՝ դեպի Եվրոպա և Ասիա առևտրային ուղիների առումով: Կարծում եմ՝ նախագիծը խաղաղության գործընթացին Հայաստանի կառուցողական և բաց հանձնառության շատ հստակ արտահայտումն է, որը ցույց է տալիս, որ այն օգտակար կլինի նաև Ադրբեջանի համար:

-Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Ինչպե՞ս կգնահատեք այս համաձայնագիրը և, ըստ Ձեզ՝ կարո՞ղ է այն խաղաղություն բերել երկու երկրներին և հարավկովկասյան տարածաշրջանին։

-Հաշվի առնելով, որ հակամարտության և անվստահության այսքան երկար պատմություն է եղել՝ ակնհայտորեն, շատ կարևոր է խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկել, որոնք կարող են օգնել վստահության ձևավորմանը: Կանադան չի կարող ասել Հայաստանին և Ադրբեջանին, թե նրանք ինչպես պետք է բանակցեն, սակայն մենք, անշուշտ, աջակցում ենք այն ամենին, ինչը կարող է առաջ մղել խաղաղության գործընթացը։ Եվ այն փաստը, որ սա առաջին անգամն էր, որ առաջ էր քաշվում համաձայնագիր սահմանազատման վերաբերյալ, հուսով ենք՝ տալիս է մոդել, որը կարող է օգտագործվել այդ գործընթացն ընդլայնելու համար: Այսպիսով, մենք, ինչպես ասում եմ, Կանադայից ենք, մենք օտար ենք, մենք այստեղ չենք, որպեսզի ասենք երկրներին, թե ինչի շուրջ նրանք պետք է բանակցեն, այլ մենք այստեղ ենք աջակցելու այն քայլերին, որոնք կօգնեն առաջ մղել խաղաղության գործընթացը:

-Պարոն Թըրներ, տնտեսական ո՞ր ոլորտներն են առավել մեծ հետաքրքրություն ներկայացնում Հայաստանի և Կանադայի հարաբերություններում, և ի՞նչ պետք է անեն երկու երկրները տնտեսական կապերը զարգացնելու համար:

-Մենք, իհարկե, իսկապես ցանկանում ենք սա դարձնել առաջնահերթություն: Մեր առևտրային հարաբերություններում զգալի աճ կա, բայց գոյություն ունի հետագայում այն զարգացնելու մեծ ներուժ: Եվ նորից, կարծում եմ՝ սա է պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք այդքան ուրախ, որ դեսպանատունը բացվել է, քանի որ այն օգնում է հեշտացնել այդ ամենը. մենք կարող ենք ավելի շատ տեղեկատվություն տրամադրել, կարող ենք բացահայտել հնարավորությունները: Եվ արդեն այս տարվա առաջին ամիսներին մենք տեսել ենք, որ անցյալ տարվա համեմատ, երբ դեսպանատունը դեռ բաց չէր, ապրանքաշրջանառության ծավալն աճել է 10 տոկոսով, ուստի հուսով ենք, որ դա կշարունակվի։ Ինչ վերաբերում է կոնկրետ ոլորտներին, մենք, իհարկե, տեսնում ենք մեծ ներուժ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, մաքուր տեխնոլոգիաները, ՏՏ ոլորտը, հանքարդյունաբերությունը, կրթությունը: Սրանք բոլոր ոլորտներն են, որտեղ և՛ Հայաստանը, և՛ Կանադան ունեն մեծ փորձ և կարող են համագործակցել: Եվ, ինչպես ասացի, մենք ունեցանք առաջին գործարար պատվիրակությունը, որը եկել էր ընդամենը մի քանի ամիս առաջ և շատ կենտրոնացած էր այս ոլորտների վրա: Եվ հետագա համագործակցության համար մենք արդեն իսկ դրական արդյունքներ ենք տեսնում, կան պայմանագրեր, որոնք ստորագրվում են։ Այսպիսով, ես շատ լավատես եմ, որ մենք էլ ավելի կընդլայնենք մեր տնտեսական գործընկերությունը։

-Պարոն դեսպան, մոտ ապագայում նախատեսվու՞մ են արդյոք Կանադայից Հայաստան բարձր մակարդակի այցելություններ։

-Հուսով ենք՝ այո: Մենք քննարկել ենք հետագա փոխայցելությունները և՛ պաշտոնական, և՛ քաղաքական մակարդակով: Մենք հաստատել ենք տարեկան խորհրդակցությունների շարք, և աշխատում ենք դրանց հաջորդ շարքը պլանավորելու ուղղությամբ: Այս տարի այն կհյուրընկալվի Երևանում, ուստի հույս ունենք կազմակերպել դա աշնանը։ Եվ կան նաև քննարկումներ սեպտեմբերին կամ հոկտեմբերին Հայաստանից Կանադա խորհրդարանական պատվիրակությունների հետագա այցերի վերաբերյալ։ Այսպիսով, մենք դեռևս վերջնական տեսքի ենք բերում մանրամասները, բայց դա շատ դրական է թվում: Եվ ես կարծում եմ, որ սա կրկին ընդամենը երկու կողմերի ներգրավվածության նկատմամբ հետաքրքրության աճի արտահայտումն է: Այցելությունների թիվը վերջին մի քանի ամիսներին շատ ավելի է եղել, քան վերջին մի քանի տարիներին։ Եվ ես կարծում եմ, որ սա պարզապես արտացոլումն է այն փաստի, որ այստեղ դեսպանություն է բացվել, և մենք ունենք այդ աջակցության բազան հենց տեղում, ինչը շատ ավելի է հեշտացնում այս տեսակի փոխանակումները համակարգելն ու կազմակերպելը: Այսպիսով, իմ կարծիքով՝ մենք ունենք մի քանի այցեր, որոնք դեռևս վերջնական տեսքի չեն բերվել, բայց դրանք շատ դրական տեսք ունեն աշնանն իրականացնելու համար: Եվ կրկին, ես կարծում եմ, որ սա պարզապես ևս մեկ քայլ կլինի ավելի առաջ գնալու համար:

-Շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Կցանկանայի՞ք որևէ բան հավելել:

-Միակ բանը, որն իսկապես կցանկանայի ավելացնել, այն է, թե որքան եմ վայելել իմ ժամանակն այստեղ մինչ այժմ: Բավականին հատկանշական էր տեսնել, թե հայ ժողովուրդն ինչքան ջերմ է ընդունել ինձ և ողջ դեսպանատանը։ Շատ, շատ ուրախալի էր տեսնել, թե մարդիկ որքան են գնահատում Կանադային: Կարծում եմ, որ դա լավ է արտացոլվում մեր երկրների միջև ամուր կապերի վրա։ Ակնհայտ է, որ ամուր կապեր կան հատկապես հայ և կանադական համայնքի միջև։ Ինձ համար զգալի դրական փորձ է այդքան շատ մարդկանց հետ հանդիպելը, երկրի տարբեր մասեր այցելելը: Ես դեռ շատ այլ վայրեր ունեմ գնալու և տեսնելու, բայց այստեղ առաջին մի քանի ամիսների փորձը բացարձակապես ուշագրավ էր ինձ համար: Եվ դա պատճառներից մեկն է հիմա, որ մենք պատրաստվում ենք առաջին անգամ այստեղ նշել «Կանադայի օրը», որը կազմակերպելու է դեսպանատունը: Սա հիանալի հնարավորություն կլինի նշելու այն ամենն, ինչ մենք արել ենք վերջին մի քանի ամիսների ընթացքում, և այն, որ Կանադայի և Հայաստանի միջև երկարատև կապը միայն ավելի է ամրապնդվելու: 

Հարցազրույցը՝ Դավիթ Մամյանի

Լուսանկարիչ՝ Հայկ Բադալյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

 

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում