Քաղաքականություն

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

7 րոպեի ընթերցում

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչպես է առաջացել հասարակական կազմակերպություն ստեղծելու գաղափարը, որոնք են կազմակերպության հիմնական նպատակները։ Անդրանիկ Գրիգորյանն այդ մասին խոսել է «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում։ 

-Պարոն Գրիգորյան, Դուք հանդիսանում եք «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության նախագահ։ Ինչպե՞ս առաջացավ հասարակական կազմակերպություն ստեղծելու գաղափարը։

-Իրավապաշտպան միություն ստեղծելու գաղափարն առաջացավ բռնի տեղահանման ենթարկվելուց և Հայաստանում ապաստանելուց հետո։ 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո առ այսօր Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների հետևանքով ուղղակի կամ անուղղակի կերպով խախտվել են Լեռնային Ղարաբաղի հայության այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսիք են կյանքի, գույքի ապահովության, ազատ տեղաշարժի, կրթության և այլն։ Հենց այս խնդիրների, ինչպես նաև այժմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած փախստականության սոցիալական անորոշ դրության բարձրաձայնման անհրաժեշտությունն է ստիպել ինձ և իմ գաղափարակից ընկերներին ստեղծել այս հասարակական կազմակերպությունը։

-Որո՞նք են Ձեր ղեկավարած հասարակական կազմակերպության հիմնական նպատակները և խնդիրները։ 

-«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության առաջնային նպատակն է աջակցել 2020-2023թթ․ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած անձանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի, նրանց կրած վնասների համարժեք, արդարացի փոխհատուցման գործընթացին, ինչպես նաև նպաստել Լեռնային Ղարաբաղի փախստականների քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային  իրավունքների ամբողջական վերականգնմանը և նրանց հանդեպ վարած էթնիկ զտման քաղաքականության հետևանքների վերացմանը։ 

Այսօր մենք Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ իրականացված էթնիկ զտումների ու ռազմական ագրեսիայի անպատժելիության հետևանքի ականատեսն ենք, ուստի մեր առջև դրված կարևոր խնդիրներից է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հանդեպ  միջազգային իրավաքաղաքական գնահատական ձևավորելը, Ադրբեջանին միջազգային քաղաքական և իրավական պատասխանատվության ենթարկելը և հատուցում պահանջելը։ 

Ադրբեջանի կողմից սանձազերծված 2016թ․ քառօրյա, 2020թ․ 44-օրյա և 2023թ․-ի սեպտեմբերի 19-20-ի պատերազմների ժամանակ մեր աչքերով տեսանք Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցանքները և մարդու իրավունքների խախտումները, որոնք չեն ենթարկվել իրավական պատասխանատվության։ Սա ևս այն ամենակարևոր խնդիրներից է, որին ԼՂՓԻՄ հասարակական կազմակերպությունը աջակցելու է, որպեսզի բացահայտվեն, հանրայնացվեն և միջազգային իրավական գործընթացների մաս դառնան։ 

Գաղտնիք չէ, որ 2020թ․ 44-օրյա լայնամասշտաբ և ագրեսիվ պատերազմից  հետո փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանը իրականացրել է հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացում և պղծում, իսկ 2023թ․ սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայից հետո, շարունակելով իր հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը, ամբողջությամբ հայաթափել է Լեռնային Ղարաբաղը, ապօրինի բնակեցրել, ինչպես նաև իրականացրել ինքնության կեղծում: Այս և այլ փաստերի արձանագրումը, հանրայնացումն ու այդ առնչությամբ միջազգային իրավական պատասխանատվության ենթարկումը ևս հանդիսանում է մեր առջև դրված կենսական նպատակներից մեկը։ Սրանք են հիմնական խնդիրներն ու նպատակները, որոնք դրել ենք մեր առաջ։ 

-Բարձրացված խնդիրների լուծումներն ումի՞ց եք ակնկալում 

-Նշված խնդիրների լուծման և նպատակների իրագործման համար կատարվելու են աշխատանքներ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից էլ ակնկալվում է վերը նշված և մի շարք այլ խնդիրների լուծում։ 

-Կա՞ հստակ գործողությունների ծրագիր, որով Դուք պատրաստվում եք իրականացնել այդ նպատակները։

-Մեր գործողությունները ունեն երկու գլխավոր ուղղություն՝  խթանել իրավունքների պաշտպանությունը միջազգային հարթակներում և նպաստել բազմաբնույթ սոցիալական խնդիրների հաղթահարմանը։ Այս ուղղություններով մեր գործունեությունը չի սահմանափակվում, մենք բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով ձգտելու ենք թեթևացնել արցախահայության ծանր կացությունը։ 

-Ինչպե՞ս կբնութագրեք Ադրբեջանի քաղաքականությունը առհասարակ Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ 2023 թ․ սեպտեմբերից հետո։ 

-Ադրբեջանը ինչպես 2023 թ․ սեպտեմբերից առաջ, այնպես էլ հետո վարում է կատարյալ ժխտողականության քաղաքականություն։ Մինչև 2023թ․ սեպտեմբերը Ադրբեջանի գլխավոր խնդիրը կայանում էր Լեռնային Ղարաբաղի հայության ֆիզիկական ոչնչացումը կամ հեռացումը, ինչը ապացուցվում է Լաչինի միջանցքի 10 ամսյա շրջափակմամբ և սեպտեմբերի 19-20-ի պատերազմին հաջորդած էթնիկ զտմամբ, որից հետո Ադրբեջանի գլխավոր խնդիրը մեր՝ փախստականության վերադարձի պահանջը լռեցնել է, մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի էթնոմշակութային միջավայրի այլակերպումը։ Ամեն օր ադրբեջանցիների տարածած տեսագրություններով կամ արբանյակային նկարահանումներով հստակ երևում է, թե ինչպես են վերացնում, ապամոնտաժում հայկական ազգային կրոնական կոթողները, պղծում եկեղեցիները, գերեզմանատները։ Այս ամենը ևս տարբեր ամբիոններից անընդհատ և մանրամասնորեն բարձրաձայնման կարիք ունի։ 

-Եթե ամփոփելու լինենք, ինչպես կարելի է կարճ և հստակ ձևակերպել Ձեր ղեկավարած հասարակական կազմակերպության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հայության ապագայի նկատմամբ։ 

-Լեռնային Ղարաբաղի հայության՝ որպես սոցիո-մշակութային ամբողջական միավորի գոյությունն անհնար է պատկերացնել առանց երաշխավորված, հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի Լեռնային Ղարաբաղ։ Մինչ վերադարձի անօտարելի իրավունքի իրացման մեզ համար ընդունելի հնարավորության ստեղծումը, անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության միասնականությունը և միջազգային ու հայաստանյան հարթակներում հավաքական մոտեցումների ստեղծումը։ 

Տավուշի մարզի մեկ և Արագածոտնի մարզի երեք համայնքներում անցկացվելու են բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման թեմայով վարժանքներ

Մարզեր

Տավուշի մարզի մեկ և Արագածոտնի մարզի երեք համայնքներում անցկացվելու են բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման թեմայով վարժանքներ

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Երևան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Հայաստան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

Տնտեսություն

Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Միացյալ Նահանգներ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են

Տնտեսություն

Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են

Չնայած տեմպերի դանդաղմանը՝ Հայաստանում հունվար-մայիսին սպասվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել․ Համաշխարհային բանկ

Տնտեսություն

Չնայած տեմպերի դանդաղմանը՝ Հայաստանում հունվար-մայիսին սպասվածից բարձր տնտեսական աճ է գրանցվել․ Համաշխարհային բանկ

Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

Հայաստան

Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում