Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

10 րոպեի ընթերցում

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով Հայաստանի բժշկագիտության զարգացումն ու պահպանելով լավագույն ավանդույթներն՝ Առողջապահության ազգային ինստիտուտը երեք տարի առաջ ձեռնամուխ եղավ «Առողջապահություն և բժշկագիտություն հայկական հանդեսի» պարբերական հրատարակմանը։ Այն նպատակ ունի Հայաստանի բժիշկներին հաղորդակից դարձնել միջազգային փորձին և ոլորտի կայացած կամ կայացման ընթացքում գտնվող հայ բժշկական գիտական միտքը ներկայացնել միջազգային հանրությանը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ոլորտի առաջատար մասնագետները նկատեցին՝ այս հանդեսի կարիքը կար, և վաղուց սպասված էր: 2021-ին ձեռնարկված գործը 2023-ին տվեց սպասված արդյունքը՝ հանդեսն ընդգրկվեց ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ-ի) կողմից թեկնածուական և դոկտորական թեզերի արդյունքների տպագրման համար նախատեսված գիտական ամսագրերի ցուցակում։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց հանդեսի գլխավոր համախմբագիր, ԱԱԻ-ի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, Առողջապահության նախարարության նյարդաբանության գծով խորհրդատու, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի ղեկավար, բ.գ.թ․  Սամսոն Խաչատրյանի հետ։

- Պարոն Խաչատրյան, ինչպես պարբերականի ծնունդը, այնպես էլ ԲՈԿ-ի կողմից հաստատված հանդեսների ցանկում ներառվելը կարևոր ձեռքբերում էր: Վերջին հաջողությունից հետո հանդեսի նկատմամբ հետաքրքրությունն ու վստահությունը որքանո՞վ է փոխվել: 

- Շատ ուրախ ենք ու հպարտ, որ մեր հանդեսի թիմի, հեղինակների և խմբագիրների երկամյա ստեղծագործ գիտական խմբագրական աշխատանքն արժանացավ այս մեծ պատվին, և հանդեսը 2023 թվականից ընդգրկվեց ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի ատենախոսությունների արդյունքների տպագրության հանդեսների հաստատված ցանկում։

Իհարկե, ոչ պակաս հպարտությամբ պետք է նշեմ, որ մինչ ԲՈԿ-ի կողմից հաստատում ստանալը ևս հանդեսի նկատմամբ վստահությունը մեծ էր, քանի որ այն ստեղծվել է որպես առողջապահական և բժշկագիտական տարաբնույթ տպագրությունների հարթակ։ Մենք ձգտում ենք ներգրավել թե՛ տեղական դաշտի առաջատար մասնագետների, թե՛ արտասահմանյան գործընկերների։ Անշուշտ, 2023 թվականից ի վեր, հատկապես տեղական դաշտում, մեր բժիշկ կոլեգաների հետաքրքրությունը մեծացել է հանդեսում տպագրվելու հարցում, ինչի համար շատ ուրախ ենք: Ցանկացած պարագայում՝ շահում է գիտությունը։ 

- Երեք տարի առաջ, երբ ծնունդ առավ հանդեսը, Դուք ասացիք, որ դրա նպատակն է ձևավորել միջազգային հարթակ կլինիկական, գիտական, ինչպես նաև առողջապահական ոլորտի աշխատակիցների համար։ Հասե՞լ եք նախանշված նպատակին։

- Իհարկե ասել, որ լիովին հասել ենք նախանշված նպատակին՝ ճիշտ չի լինի։ Ես չեմ սիրում ասել, որ ամեն ինչ արված է, միշտ աշխատելու, նոր նախագծեր կյանքի կոչելու կարիք կա թե՛ մեր երկրում, թե՛ միջազգային հարթակում հանդեսի դերը բարձրացնելու գործում։ Երևի թե հենց այս մոտեցումն է, որը միավորում է մեր խմբագրական թիմի բոլոր անդամներին և հանդիսանում է մեր հաջողության բանաձևը, քանի որ չեմ վախենա ասել, որ ստեղծման օրից հանդեսը բավականին մեծ զարգացում է ապրել և կարողացել հստակ արմատավորվել այս ասպարեզում՝ օր օրի գրավելով նոր մասնագետների, և ինչպես նշեցիք՝ արդեն նաև միջազգային հարթակ է հանդիսանում նրանց համար։ Իհարկե, այն հետաքրքիր աշխատանք է նաև ներքին շփման առումով, և ադմինիստրատիվ, խմբագրական աշխատանքի առումով արդյունավետ փախըմբռնում կա իմ գործընկեր գլխավոր համախմբագիր Դավիթ Աբրահամյանի հետ։ Ուզում եմ հատուկ նշել, որ մեր թիմում յուրաքանչյուրն իր տեղում շատ հստակ և արդյունավետ աշխատանք է իրականացնում։ Բոլորն իրենց ոլորտներում շատ զբաղված մարդիկ են, սակայն հանդեսի նկատմամբ իրենց վերաբերմունքը բոլորի կողմից մեծ պատասխանատվությամբ է դրսևորվում։ Գիտակցում ենք, որ այս աշխատանքը կարող է ոլորտի զարգացման համար նոր խթան հանդիսանալ, ինչպես նաև բարձրացնել մեր առողջապահական և գիտակլինիկական ոլորտի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ 

Նշեմ, որ ներկայումս մենք ունենք տպագրված կամ տպագրման ընդունված հոդվածներ, օրինակ, ԱՄՆ-ից և Նիգերիայից, ինչը խոսում է, որ այն կարող է հետաքրքիր լինել միջազգային ասպարեզում։ Մենք հակված ենք այդ միտումն ընդլայնել։

- Ինչ է արվում «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսը» միջազգային հարթակներում ներկայացնելու և մրցունակ դարձնելու համար։

- Այստեղ պետք է նշեմ, որ առաջին հստակ քայլերն արված են, չնայած որոշակի բարդություններին և խոչընդոտներին։ Նախ, հանդեսը եռալեզու հարթակ է, բացի հայերենից ընդունվում են հոդվածներ նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Հատկապես խրախուսվում է անգլերեն տպագրությունը՝ ՀՀ սահմաններից դուրս ևս նյութերը տարածելու նպատակով։ Սրանից անկախ՝ հոդվածների սեղմագրերը պետք է լինեն բոլոր երեք լեզուներով, անկախ բուն հոդվածի հիմնական լեզվից։ Աշխատանք է տարվում միջազգային հիմնական շտեմարաններում հանդեսը գրանցելու համար։

Հանդեսն ունի կայք (https://ahms.am/), որի մեջ տեղադրված են հանդեսի բոլոր հոդվածներն ու ամբողջական համարները։ Յուրաքանչյուր հոդված մեր հանդեսում ունի իր հերթական՝ DOI կոդը, որն ամեն հոդվածի առանձին չկրկնվող անհատական համարն է, ու դրանով հնարավոր է գտնել հոդվածը, ներբեռնել և ծանոթանալ բովանդակությանը։ Ի վերջո, գործընկերները կատարում են բավականին մեծ և խրախուսելի գիտական հետազոտական աշխատանք, ամփոփում են արդյունքները տպագրվող հոդվածներում, որոնք շատ դեպքերում մրցունակ են աշխարհի նույնանուն ոլորտներում տպագրվող հոդվածների հետ։ 

- Հանդեսում տպագրված հոդվածները գործնականում նպաստո՞ւմ են հոդվածագրերի մասնագիտական հմտությունների և կարիերայի զարգացմանը։

- Շատ ուրախ եմ, որ հանդեսում տպագրվում են ինչպես փորձառու բժիշկներ, որոնք ունեն հարուստ փորձ թիկունքում, այնպես էլ կլինիկական օրդինատորներ՝ բժշկագիտության մեջ առաջին քայլերն անող երիտասարդներ։ Սա էլ ավելի է մեծացնում մեր պատասխանատվությունը, քանի որ, ինչպես շատ ճիշտ նկատեցիք, սա պետք է հանդիսանա նաև նրանց համար փորձ, մասնագիտական հմտությունների զարգացման համար պարարտ հող։ Հոդվածներն անպայման գրախոսվում են, հեղինակները զգում և տեսնում են խմբագրակազմի աշխատանքը, հաճախ մենք հրավիրում ենք արտասահմանյան գրախոսների, ովքեր գրաքննում են հոդվածները, դրանք հասցեատիրոջը՝ ընթերցողին ավելի արդյունավետ վիճակում հասցնելու համար։ Լինում են նաև ուղարկված հոդվածների մերժումներ, ինչը անխուսափելի է, երբ նպատակ կա ապահովելու որակյալ բովանդակություն։

Ի վերջո ցանկացած հոդվածագրություն բավական մեծ աշխատանք է, որի ընթացքում կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, հաշվարկներ և վերլուծություններ։ Կարելի է ասել, որ յուրաքանչյուր գրված հոդվածից հետո նոր գիտելիքի մի մեծ պաշար է մնում։

- Հիշում եմ նաև, որ երեք տարի առաջ մտադրված էիք խմբագրակազմում ընդգրկել Հայաստանի բժշկագիտության՝ կորիֆեյների՝ բարձրակարգ մասնագետներին և գիտնականներին։ Ավելին, հայ մասնագետներին միջազգային զարգացումներին հաղորդակից դարձնելու նպատակով մտադիր էիք մեր գիտնականների միջազգային կապերն օգտագործել։ Հաջողվե՞ց այդ փորձը։

- Մեր խմբագրակազմը երևելի մասնագետներով հարուստ է, այստեղ կարող եք տեսնել Հայաստանի և Սփյուռքի ամենանշանավորներին, արտասահմանցի գործընկերների: Ընդ որում, կազմը վերջնական չէ, մենք միշտ ուրախ ենք այստեղ նոր մասնագետներ տեսնելու համար: Նրանց խմբագրման շնորհիվ հայաստանյան հոդվածները ավելի որակյալ են դառնում, նաև՝  արտասահմանցի գործընկերների հոդվածներն են ներգրավում: 

- Ի՞նչը Դուք կկարևորեիք։  

-Մեր խմբագրակազմի անունից առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին վստահության և նպատակասլացության համար, որով նա վարակում է մեզ բոլորիս։ Երբ աշխատանքային հորձանուտը շեղվում է, նա միշտ պատրաստ է վերադարձնել մեզ գիտության աշխարհ։

Նաև առանձնահատուկ շնորհակալ եմ բոլոր այն հեղինակներին, ովքեր իրենց գիտական միտքը կիսում են մեր հանդեսի հետ։ Առանց նրանց ոչինչ հնարավոր չէր լինի իրականացնել, կամ՝ կլիներ անիմաստ։

Արդեն տպագրված և ապագա հեղինակներին սիրով նորից հրավիրում եմ կիսելու իրենց հետազոտությունները մեր և մեր ընթերցողների հետ, ՀՀ-ում գիտության զարգացման մի մասնիկը դառնալու։ 

Առջևում մեր հետագա համարներն ու բարձունքներն են։ 

 Ժասմին Վիլյան

 

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում