Համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 անդամները, գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը դրամական պարգևներ կստանան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ԿԳՄՍ-ն: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ հավաքականի 5 մարզիկներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ, հավաքականի գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը՝ 3-ական մլն դրամ:
Այսպիսով, բացի ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի1282-Նորոշմամբ հաստատված տարեվերջյան պարգևատրության գումարից՝ շախմատի օլիմպիադայի չեմպիոնները կստանան լրացուցիչ պարգևատրում:
Հիշեցնենք՝ տղամարդկանց հավաքականի կազմում Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն էին հռչակվել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը: