«Երևանյան բեսթսելեր». «Աղի թեյ»-ը՝ կրկին առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2022
9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը. 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...
Երկրորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը...Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ...
Երրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ»վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:
Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել»-ը չորրորդ տեղում է։ Ժողովածուն նվիրված է Չարենցի ծննդյան 125-ամյակին, ներառում է նաև բանաստեղծություններ։
Հինգերորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:
Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» վեցերորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։
Յոթերորդ տեղում էԳոհարՆավասարդյանի«Ինձ պիոններ չնվիրես»վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...
Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնումՎազգեն Սարգսյանի«Էս ի՞նչ եք անում, տղերք»պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:
Իններորդ տեղում է Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը, որը վերադարձի պատմություն է, ինչ-որ տեղ գուցե ստիպված վերադարձի: Բայց ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածվում են հաստատակամ որոշման:
Տասներորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը»։ Այն ամենը, ինչ ընթերցողը կկարդա այս գրքում, շուրջ 60 տարի ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի արխիվներում ու հետախուզության փակ թանգարանում խնամքով ու ամենայն խստությամբ պահպանվում էր «հույժ գաղտնի», «պահպանել հավերժ», «վտանգի դեպքում այրել» մակագրություններով: «Ռեզիդենտը» փաստագրական վեպը առաջին անգամ հասարակությանն է ներկայացնում պրոֆեսիոնալ հետախույզի հերոսական ոդիսականը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 | ![]() |
Սյունե Սևադա «Աղի թեյ» |
Newmag | 128 |
2 | նոր | ![]() |
Մարկ Արեն, Վարս Չարենց, «Դարձյալ սիրո մասին» |
Բուկինիստ | 62 |
3 | +2 | ![]() |
Աշոտ Աղաբաբյան, «Թակարդ» |
Բուկինիստ | 51 |
4 | նոր | ![]() |
Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» |
Ակտուալ արվեստ | 40 |
5 | * | ![]() |
Մարկ Արեն «Բարի գործերի քաղաքը» |
Բուկինիստ | 29 |
6 | +2 | ![]() |
Աշոտ Աղաբաբյան, «Գաղտնիքների տիրակալը» |
Բուկինիստ | 26 |
7 | -4 | ![]() |
Գոհար Նավասարդյան, «Ինձ պիոններ չնվիրես» |
հեղ․հրատ | 25 |
8 | * | ![]() |
Վազգեն Սարգսյան, «Էս ի՞նչ եք անում, տղերք» |
Վերնատուն | 25 |
9 | նոր | ![]() |
Գուրգեն Խանջյան, «Համավարակ» |
Անտարես | 24 |
10 | * | ![]() |
Աշոտ Աղաբաբյան, «Ռեզիդենտը» |
Բուկինիստ | 23 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Ֆենիքս» (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը: