Երևան

Բաբկեն Սեդրակյանն այցելել է Չեխիա՝ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Բաբկեն Սեդրակյանն այցելել է Չեխիա՝ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի շրջանակներում

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը ŠKODA ընկերության հրավերով մեկնել է Չեխիա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ այցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանին ուղեկցել են Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։ 

Նշվում է, որ այցի նպատակն էր քննարկել Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման և տեխնոլոգիական վերազինման հնարավորությունները։ 

Բաբկեն Սեդրակյանն այցելել է ŠKODA Group-ի արտադրական համալիր, որտեղ հանդիպել է ընկերության ղեկավարության հետ, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արտադրական գործընթացներին և ներկայացրել մետրոպոլիտենի արդիականացման հրատապ անհրաժեշտությունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բարեփոխումների կարեւորությունը։ 

Այցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանը եղել է նաև Պրահայի մետրոպոլիտենի վերանորոգման գործարանում, ուսումնասիրել է գործող համակարգերի տեխնիկական ներուժը և ծանոթացել Չեխիայում կիրառվող նորարարական լուծումներին՝ մետրոպոլիտենային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ 

Բացի տեխնիկական հաստատություններից, Երևանի մետրոպոլիտենի ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև արդյունաբերական և ֆինանսական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Եվրոպական ներդրումային բանկի, Չեխիայի արտահանման բանկի, ինչպես նաև Չեխիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ 

Նշվում է, որ այցը կարևոր հնարավորություն էր՝ ուսումնասիրելու քաղաքային տրանսպորտի զարգացման միջազգային փորձը և գտնելու համագործակցության նոր ուղիներ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում