«Վրացական երազանք» խմբակցությունը կորցրել է մեծամասնությունը Վրաստանի խորհրդարանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք» խմբակցությունը խորհրդարանում կորցրել Է մեծամասնությունն այն բանից հետո, երբ հինգ պատգամավորներ միացել են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է շարժման հիմնադիրներից մեկը՝ Գուրամ Մաչարաշվիլին:
«Ժողովրդի ուժ» շարժումը հիմնվել Է օգոստոսի սկզբին պատգամավորներ Սոզար Սուբարիի, Դմիտրի Խունդաձեի, Միխայիլ Կավելաշվիլիի եւ Գուրամ Մաչարաշվիլիի կողմից: Ինչպես պարզաբանել են պատգամավորները, նրանք դուրս են եկել «Վրացական երազանքից», որպեսզի ազատ արտահայտեն իրենց կարծիքը, դրա հետ մեկտեղ կուսակցությանը, որին մեծապես աջակցում են, չդնելով անհարմար դրության մեջ:
«Մեզ միացել են Վրաստանի խորհրդարանից հինգ անդամներ, ինչը նշանակում Է, որ «Վրացական երազանք» խմբակցությունն այլեւս չունի մեծամասնություն: Թեեւ մենք՝ ինը պատգամավորներս, «Ժողովրդի ուժի» ներկայացուցիչներս, մնում ենք խորհրդարանական մեծամասնությունում»,-լրագրողներին ասել Է Մաչարաշվիլին:
Այսպիսով, «Վրացական երազանք» խմբակցությունում մնում Է 75 պատգամավոր: Շարժմանը նաեւ միացել են հասարակայնությանը հայտնի փորձագետներ: «Ժողովրդի ուժ» շարժումը հայտնի Է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության եւ դեսպան Քելլի Դեգնանի հասցեին իր կտրուկ հայտարարություններով, հաղորդել Է Sputnik-ը: