Կառավարությունը չորս ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի
1 րոպեի ընթերցում
![Կառավարությունը չորս ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1093677.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը չորս ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով` այդ ճանապարհահատվածներից մեկը Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհի 3 կտորներից մեկն է, որտեղ հասկանալի պատճառներով որոշում է կայացվել տեղադրել երրորդ շերտ, որպեսզի ճանապարհը կարողանա ծառայել նաև բեռնատար մեքենաների համար:
«Այսինքն` մենք ծրագիրն ընդլայնում ենք: 13 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերին»,-ասաց նա:
Գնել Սանոսյանի խոսքով` մյուսը Տաթև-Աղվանի – Վերին Խոտանան գյուղի հատվածն է, որտեղ շրջանցիկ ճանապարհ է կառուցվում:
«Հաջորդը Քաջարան-Մեղրի 8.2 կմ երկարությամբ հատվածն է, որի հիմնանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի: Մյուս ճանապարհահատվածը` Տավուշում 1.7 կմ «Քոլագարի ճամբար » կոչվող հատվածն է»,-ասաց նախարարը` հավելելով, որ ընդհանուր առմամբ 3 միլիարդ 61 միլիոն դրամ է կազմում հատկացվող գումարը, որից 45 միլիոնը տեխնիկական հսկողության, մնացածը շինարարության համար է: