Քաղաքականություն

Ինչ փուլում է ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքը. պարզաբանում է Գեղամ Մանուկյանը

2 րոպեի ընթերցում

Ինչ փուլում է ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքը. պարզաբանում է Գեղամ Մանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նպատակով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները նախորդ օրը հավաքել են 35 ստորագրություն, նրանց անհրաժեշտ է առնվազն ևս 18 ստորագրություն՝ անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե իրենք պաշտոնապես սկսե՞լ են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով:

«Մենք պաշտոնապես հայտարարություն արել ենք: Մեր պատգամավորները ձևաթղթի վրա դրել են ստորագրություններ: Հիմա աշխատանքներ են տարվում, հիմա ակնկալում ենք, որ ևս 18 պատգամավոր միանա: Նաև, բնականաբար, կարող են քաղաքական համաձայնություններ լինել»,-ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ ձևաթղթում լինելու է նաև ընդդիմության՝ վարչապետի թեկնածուի անունը: Պատգամավորը կարծում է, որ շատ կարճ ժամանակում այդ մասին կլինի հայտարարություն: Պատգամավորի խոսքով՝ նախորդ օրը իրենք ներկայացրել են 35 ստորագրություն: Ամբողջական ձևաթուղթը կլինի, երբ այդ 35-ին միանա ևս 18 պատգամավոր:

Նա չի բացառում, որ իրենց կարող են միանալ նաև պատգամավորներ իշխանությունից:

Նախորդ գիշերը, երբ խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մտել էին ԱԺ շենք՝ վարչապետին անվստահություն հայտնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում