Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Հայաստանն ունի ֆանտաստիկ մաքուր և աստղազարդ երկինք.STARMUS VI փառատոնին ընդառաջ մեկնարկել է Աստղալուսանկարչության դպրոցը

Հայաստանն ունի ֆանտաստիկ մաքուր և աստղազարդ երկինք.STARMUS VI 
փառատոնին ընդառաջ մեկնարկել է Աստղալուսանկարչության դպրոցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: STARMUS VI փառատոնին ընդառաջ մեկնարկած Աստղալուսանկարչության դպրոցը համաշխարհային ճանաչում ունեցող աստղալուսանկարիչների  միջոցով մասնակիցների առջև կբացի աստղերի հետ աշխատելու նուրբ արվեստի գաղտնիքներ, գործնական հմտություններ և գիտելիքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին Աղվերանում  մեկնարկած դպրոցի առաջին օրը Astronomy ամսագրի խմբագիր Մայքլ Բակիչը հանդես եկավ «Ինչ է ուզում “Astronomy” ամսագիրը» դասախոսությամբ՝ ներկայացնելով, թե ինչ խնդիր է լուծում պարբերականը, ինչ թեմաների է անդրադառնում և ինչպես կարելի է մատուցել տիեզերականն ու երկնայինը մեկ լուսանկարում։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Մի բան կա, որ մենք շատ ենք սիրում անել՝ աշխարհի բոլոր կետերից արված լուսանկարների հավաքումն ու հրապարակումն է։ Որպեսզի այլ մարդիկ ևս տեսնեն այդ գեղեցկությունը ու սովորեն՝ ինչպես անել դա։ Ահա թե ինչու ենք մենք այստեղ։ Ամսագրում կա գիտական բաժին, որտեղ մասնագետները ներկայացնում են տիեզերքում արված վերջին բացահայտումները։ Մենք նաև պատմական աստղագիտության հրապարակումներ ենք անում։ Իսկ Հայաստանն ուղղակի լի է աստղագիտական իրադարձություններով, դա պարզապես հրաշալի է։ Ես միայն մեկ օր է, ինչ այստեղ եմ ու արդեն իսկ սիրահարվել եմ Հայաստանին։ Այստեղ պարզապես աննկարագրելի գեղեցիկ է»,- ասաց նա։

Մայքլ Բակիչը նշեց, որ ամսագրի մյուս հատվածն առավելապես նախատեսված է սկսնակ աստղագետների համար։ «Այստեղ դասընթացին ես սովորեցնելու եմ, թե տեխնիկային տիրապետելուց հետո ինչ է պետք լինելու աստղագիտական ամսագրին և ինչպես է պետք լուսանկարել ամսագրի համար: Ինչ վերաբերում է ազգությամբ հայ լուսանկարիչների հետ գործակցությանը՝ ազգությամբ հայ Օշին Զաքարյանն ամսագրի համար լուսանկարներ է հատկացրել գրեթե 40 տարի շարունակ։ Այնպես որ, մենք մեծ կապ ունենք Հայաստանի հետ»,- ընդգծեց Մայքլ Բակիչը։

Հայազգի աստղալուսանկարիչ Օշին Զաքարյանը ներկայացրեց թվային հայելային ֆոտոխցիկով (DSLR) աստղալուսանկարչության հիմունքները։ Նա նշեց, որ միջոցառման բոլոր երեք օրերին՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը, գիշերային ժամերին նախատեսված են գործնական պարապմունքներ բարձրադիր տեղանքներում՝ թիրախում ունենալով աստղազարդ երկինքն ու հայկական բնաշխարհը։

«Աստղալուսանկարչության դպրոցը երկինքը լուսանկարելու եզակի միջոցառում է՝ նախատեսված նրանց համար, ովքեր սեփական տեխնիկայով Երկրի ամենամութ գիշերային պատկերներով երկնքի խորքը մուտք գործելու ցանկություն ունեն։ Աստղալուսանկարչությունը երբեմն անվանում են նաև լուսանկարչական աստղագիտություն։ Այն նաև աստղային դիտարկումներ կատարելու մեթոդ է և հետապնդում է երկու նպատակ՝ հետազոտական և գեղարվեստական»,- ասաց նա։

Աստղալուսանկարիչը նշեց, որ նա աստղերը նկարում է գետնի տեսարանների հետ, այսինքն՝ միայն երկինք չի լուսանկարում, աստղերի հետ միասին լուսանկարում է հին եկեղեցիներ, բնություն և տարբեր տեսարժան վայրեր:

Նա  ընդգծեց,  որ Հայաստանը հրաշալի վայր է աստղերը նկարելու տեսակետից: «Շատ պարզ և ոչ թանկարժեք  ապարատների միջոցով էլ շատ հանգիստ  կարելի է աստղերը լուսանկարել, մանավանդ Հայաստանի նման մի երկրում, որը ֆանտաստիկ մաքուր երկինք ունի, որտեղ  շատ պարզ աստղերը երևում են»,- ասաց աստղալուսանկարիչը:

Անդրադառնալով Հայաստանում աստղեր նկարելու իր սիրելի վայրերին՝ Օշին Զաքարյանը նշեց, որ վերջին անգամ Սևանի վանքերն է նկարել՝ Սևանա լճից: «Հոկտեմբեր ամիսն էր, և շատ ցուրտ էր, բայց հոյակապ ու շատ մաքուր երևում էր Հարդագողի ճանապարհը: Մյուս տեղերը, որ շատ եմ սիրում լուսանկարել, Գառնի տաճարն ու Գեղարդի եկեղեցին է, որտեղ շատ մաքուր ու ջինջ երկինք է»,- եզրափակեց Օշին Զաքարյանը:    

 Աստղալուսանկարչության դպրոցի երկրորդ օրը մասնակիցները, նախ, ուսումնասիրելու են Մոլորակային պատկերման ներածությունը, ապա սովորելու են, թե ինչպես աշխատել տեղանքում՝ տեղադիրքի ուսումնասիրություն, կոմպոզիցիա և լուսավորություն։ 

Երրորդ օրը Astronomy ամսագրի խմբագիր Դեյվիդ  Այքերը կխոսի այն մասին, թե ինչու է անհրաժեշտ լուսանկարել տարօրինակ և անհասկանալի պատկերները, ինչպես աստղային հետագծերի օգտագործմամբ կարելի է ավելի շատ մանրամասներ ֆիքսել՝ ստանալով ունիկալ ու չկրկնվող պատկերներ։ Հայտնի աստղալուսանկարիչ Քրիստոֆեր Գոն կներկայացնի գիտագործնական դասընթաց իր փորձի վերաբերյալ:

 «Աստղագիտությունն այն քիչ գիտություններից է, որտեղ անգամ սկսնակ լուսանկարիչը կարող է մեծ ներդրում ունենալ,- համոզված է Ֆիլիպիններից Հայաստան ժամանած աստղալուսանկարիչ Քրիստոֆեր Գոն։

Նա ընդգծեց, որ վերջին տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մեզ գերազանց լուսանկարներ ստանալու տիեզերքից։ Ըստ նրա՝ գրագետ լուսանկարները շատ կարևոր հետազոտական աղբյուր կարող են դառնալ։

Դասընթացի մասնակից Արևիկ Հակոբյանը Բելգիայից Հայաստան է եկել հատուկ մասնակցելու STARMUS փառատոնին՝ հատկապես աստղալուսանկարչության դասընթացին: Մասնագիտությամբ ոսկերիչ Արևիկը վաղուց է հետաքրքրված աստղագիտությամբ և հույս ունի, որ այս օրերին կստանա այն գիտելիքները, որոնք ժամանակին հնարավորություն չի ունեցել սովորելու:

Դպրոցի մասնակիցներին ցուցադրվելու են նաև գիտահետազոտական աստղադիտակներ, յուրահատուկ տեսախցիկներ և լուսանկարահանման օբյեկտներ, անդրադարձ է կատարվելու նաև Մոլորակային պատկերների ստացման ու մշակման տեխնիկաներին ու մեթոդներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am