Ռուսաստանցի դպրոցականներին արգելել են բջջային հեռախոսներ օգտագործել դասերի ժամանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը հայտնել Է, որ նոր սանիտարական կանոնները դպրոցականներին թույլ չեն տալիս բջջային հեռախոսներ օգտագործել դասերի ժամանակ, դրանք կարելի Է օգտագործել միայն դասամիջոցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նոր սանիտարական կանոններին համապատասխան, այս ուսումնական տարվանից բջջային հեռախոսները դասերի ժամանակ, ես ընդգծում եմ, դասերի ժամանակ օգտագործել չի թույլատրվում»,-ասել Է Կրավցովը՝ օգոստոսի 31-ին հանդես գալով 9-րդ համառուսաստանյան ծնողական ժողովում: Նա պարզաբանել Է, որ նման կանոնները սահմանվել են, «որպեսզի բջջային հեռախոսները դպրոցականներին չշեղեն պարապմունքներից»: «Եթե ինչ-ինչ արտակարգ իրավիճակներ լինեն, ապա ծնողներին կզանգահարեն, կասեն:
Դասամիջոցին կարելի Է շփվել դպրոցականների հետ, բայց դասերի ժամանակ, նոր կանոններին համապատասխան, բջջային հեռախոսներ օգտագործելը չի թույլատրվում»,-հավելել Է նախարարը: Նախօրյակին նախագահի օգնական, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին մոսկովյան մանկխորհրդում առաջարկել Էր փորձնական կարգով դպրոցականներին արգելել բջջային հեռախոսներ օգտագործել պարապմունքների ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: