70-ամյա կինը վրաերթի հետևանքով մահացել է. 25-ամյա վարորդը ձերբակալվել է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, 2022 թվականի օգոստոսի 30-ին ժամը 17:30-ի սահմաններում 25-ամյա երիտասարդն իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 30-ին ժամը 17.30-ին Երևանի Թումանյան փողոցում «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Մարիա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 20.20-ին մահացել է: Ըստ լրատվամիջոցների՝ վրաերթի հետևանքով մահացած կինը Ինտերնյուզ»-ի նախկին գլխավոր տնօրեն Մարիա Ասլամազյանն է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: