Հասարակական

Հայտնի է, թե որքան գումար է նախատեսվում տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին և զոհերի ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե որքան գումար է նախատեսվում տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին և զոհերի ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց սոցիալական աջակցություն կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և շրջանառության մեջ է դրվել Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը:

Պայթյունի հետևանքով վիրավորում (խեղում, վնասվածք)ստացած, հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց նախատեսվում է տրամադրել 150.000, իսկ հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300.000 դրամի օգնություն:

Զոհված (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) անձանց ընտանիքներին յուրաքանչյուր զոհվածի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) համար նախատեսվում է տրամադրել 3.000.000 դրամի օգնություն։ Միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում՝ ամուսինը, զավակը (զավակները), ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը:

Նախագծի համաձայն՝ եթե առկա չէ զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ՝ 1.000.000 դրամ:

Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը:

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է համապատասխան գումարը բանկային հաշվեհամարին կամ շահառուի ընտրված բանկին փոխանցելու միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում