Հասարակական

ՄՊՀ-ն խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում

2 րոպեի ընթերցում

ՄՊՀ-ն խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը, որի արդյունքում թվով 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսևորմամբ իրավախախտման վերաբերյալ վարույթներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄՊՀ-ից, վարույթների շրջանակում պարզվել է, որ թվով 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել և իրացրել են «աղբյուրի ջուր» և (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում և (կամ) արտադրության որևէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։

Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ «աղբյուրի ջուր» մակնշումով ջուրը պետք է ունենա աղբյուրի ծագում և, ինչպես «բնական խմելու ջրի» դեպքում, արտադրության որևէ փուլում չպետք է մշակված լինի քլորի պատրաստուկներով։ Հետևաբար, նույնիսկ որևէ աղբյուրից ջրամատակարարման կենտրոնացված համակարգով (տնտեսավարողները ջուրը ձեռք են բերել «Վեոլիա Ջուր» ընկերությունից) ստացված ջուրը չի կարող շշալցվել և իրացվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով։ Ընդ որում՝ կարևոր չէ նախքան ջրի շշալցումը դրա ապաքլորացման հանգամանքը:

Իրականացված վարույթների արդյունքում Հանձնաժողովը 6 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում