Քաղաքականություն

Արսեն Թորոսյանի կարծիքով՝ պետության համար բախտորոշ ժամանակաշրջանում պետք չէ տրվել էմոցիաներին

3 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանի կարծիքով՝ պետության համար բախտորոշ ժամանակաշրջանում պետք չէ տրվել էմոցիաներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության և պետականության համար այս բախտորոշ ժամանակաշրջանում պետք է շատ լայնախոհ և իմաստուն գտնվել և որևէ կերպ չտրվել էմոցիաներին, որպեսզի հնարավոր լինի ճիշտ որոշումներ կայացնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ մեսիջներ է պարունակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով շնորհավորական ուղերձը և ի՞նչ հետևություններ պետք է անի հանրությունը, Թորոսյանը չցանկացավ մեկնաբանել վարչապետի շնորհավորական ուղերձը՝ նշելով, որ յուրաքանչյուրը կարող է հասկանալ, թե ինչ նկատի ունի վարչապետը: Պատգամավորը ընդգծեց, որ վարչապետը իր խոսքում միշտ անկեղծ է եղել թե՛ Կառավարության նիստերի, թե՛ Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ: Թորոսյանը վստահ է, որ վարչապետը այդպես էլ ներկայացնելու է այն օրակարգերը, որոնք Հայաստանի առջև կանգնած են:

«Կարծում եմ, որ պետության և պետականության համար այս բախտորոշ ժամանակաշրջանում պետք է շատ լայնախոհ և իմաստուն գտնվենք ճիշտ որոշումներ կայացնելու համար, որևէ կերպ չտրվենք էմոցիաներին, որպեսզի կարողանանք դիմագրավել մարտահրավերներին թե տարածաշրջանային, և թե ավելի լայն՝ Արևելք և Արևմուտք, Ռուսաստանի Դաշնություն- Ուկրաինա հակամարտությունով պայմանավորված: Կարծում եմ, որ եթե մենք հենց այդպես որոշումներ կայացնենք փաստերի, իրողությունների հիման վրա, ապա մենք կարող ենք դիմագրավել մարտահրավերներին, ինչքան էլ որոշումները մեզ դուր գան կամ չգան, որովհետև կարող է որևէ բանի հետ համաձայն չլինել, բայց մեր համաձայն չլինելուց կարող է իրողությունը չփոխվել: Եթե մենք կրկին տրվենք էմոցիաներին և չառաջնորդվենք ողջամտությամբ և ողջախոհությամբ, ավելի մեծ կորուստներ կունենք, ինչը չպետք է թույլ տանք»,- շեշտեց Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով շնորհավորական ուղերձում հայտարարել էր, որ Հայաստանի անկախության գործընթացը դեռ չի ավարտվել մինչև օրս, այն նման է առողջության, որի մասին հոգ պիտի տանես ամեն օր: Ըստ վարչապետի՝ կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի անկախության համար: Խոսելով անվտանգության մասին՝ Փաշինյանը ընդգծել է, որ «անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»:

Վարչապետը նաև նշել էր, որ «անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում