Հասարակական

Ախուրյան համայնքում մեկնարկել են մանկապարտեզների կառուցման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքում մեկնարկել են մանկապարտեզների կառուցման աշխատանքներ

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. ԱրմենուհիՄխոյան): Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակում, մեկնարկել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Կառավարությունը կտրամադրի գումարի 70 տոկոսը, համայնքին մնում է գումարի 30 տոկոսի հատկացումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 272 մլն 108 հազար դրամ է։ Առաջին փուլի արժեքը 159 մլն 318 հազար դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Անդրեաս և ընկերներ» ՍՊԸ-ն է։

Սուբվենցիոն ծրագրով կառուցվում է նաև Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքը։ Այս ծրագրի պետության աջակցության մասը 80 տոկոս է, համայնքը գումարի 20 տոկոսն է հատկացնելու։ Ընդհանուր արժեքը 271 մլն 235 միլիոն դրամ է։ Առաջին փուլի արժեքը 159 մլն 139 հազար դրամ է։ Աշխատանքներն իրականացնում է «Մալաք» ՍՊԸ-ն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021-ին մեկնարկած և այս տարի շարունակվող սուբվենցիոն ծրագրով շարունակվում են Ջրառատի մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Դրանք իրականացվում են կառավարության՝ 70 տոկոս և hամայնքային 30 տոկոս համաֆինանսավորմամբ։ Երկրորդ փուլի արժեքը 200 մլն 940 հազար դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Շինարար» ՍՊԸ-ն է։

«Մարզպետարանի պատասխանատուները հետևում են ոչ միայն այս, այլ նաև Ախուրյան համայնքի Հովիտ, Բասեն և Երազգավորս բնակավայրերի ոռոգման ցանցերի սուբվենցիոն ծրագրի ընթացքին՝ Հովիտ բնակավայրի ոռոգման համակարգի գոյություն ունեցող ջրամղիչ պոմպակայնի վերանորոգման տեղամասում։ 327 մլն 687 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի գումարի 65 տոկոսը տրամադրում է կառավարությունը, 35 տոկոսն էլ համայնքի ներդրումն է»,- նշեց պատասխանատուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում