Հասարակական

Հայկական կարմիր խաչն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ավելացնել փրկարար կամավորների թիվը

2 րոպեի ընթերցում

Հայկական կարմիր խաչն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ավելացնել փրկարար կամավորների թիվը

ԵՐԵՎԱն, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կարմիր խաչն առաջին իսկ րոպեներից ներգրավված է եղել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներում: Հայկական կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը, ով դեպքի վայրում էր ծանոթանալու կամավորների աշխատանքին, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին իսկ րոպեներից միացել են 90 հոգանոց անձնակազմով:

«Հայկական կարմիր խաչի ընկերությունը չէր կարող անմասն մնալ նման աղետին արձագանքելու գործընթացից: Լինելով մարդասիրական ոլորտում աջակցող կառույց՝ պարտավորվել ենք կատարել մեր օժանդակ դերը և լինել մեր ազգաբնակչության կողքին: Առաջին իսկ րոպեից միացել ենք արձագանքող թիմերին, միացել ենք 90 հոգանոց անձնակազմով ՝ փրկարար կամավորներ, առաջին բուժօգնություն ցուցաբերող կամավորներ: Դրանից բացի, հոգեբանների մեծ թիմ է աշխատում: Փրկարար ծառայության հետ համագործակցությամբ կարող ենք մեր անձնակազմը համալրել մոտ 102 փրկարար կամավորներով և աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին»,-ասաց Աննա Եղիազարյանը:

Պայթյունից հետո Հայկական կարմիր խաչի կամավորներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել 120 տուժածի, 90 շահառու ստացել է հոգեբանական աջակցություն: Աշխատանքները շարունակվում են:

«Տուժածների հարազատները հոգեբանական ծանր վիճակում են գտնվում: Ինչպես գիտեք կան կորուստներ, ոմանք դեռ որոնվում են: Ընդհանուր դժվար ու բարդ գործընթաց է, բայց մեր թիմերը պատրասված են»,-ասաց Աննա Եղիազարյանը:

Կարմիր խաչի պատրաստված թիմերն իրենց աջակցությունն ու ներդրումն են բերում փրկարար ծառայությանը որոնողափրկարարական, քարաթափման աշխատանքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում