Հասարակական

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

2 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2018 թթ. ընթացքում քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող հիշյալ անձը, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Այսպես՝ վերջինս, ի պաշտոնե տեղյակ լինելով Արմավիրի մարզպետի կողմից հիմնադրված բարեգործական հիմնադրամի մասին, մեկ միասնական դիտավորությամբ, քաղաքացիներին տրամադրել է հիշյալ հիմնադրամի հաշվեհամարը և ուղղորդել վճարումներ կատարել՝ վերջիններիս մոտ ստեղծելով տպավորություն, որ այդ վճարումներն օրինական են և իրականացվում են համայնքներից՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ստացված հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող հողամասերի գործառնական նշանակության փոփոխման, վերակառուցման, կառուցման, կառուցապատման համաձայնություն տալու, ինչպես նաև՝ իր իրավասության սահմաններում՝ մարզպետարանից առարկություն չներկայացնելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում