Տարածաշրջանային

Բլինքենը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

2 րոպեի ընթերցում

Բլինքենը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ օգոստոսի 4-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարը նաև բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ ձևաչափով՝ համախոհ գործընկերների հետ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը», - հաղորդել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Նախօրեին՝ օգոստոսի 3-ին Պետդեպարտամենտի խոսնակը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ինտենսիվ մարտերի առնչությամբ։

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Մոտ երկու տասնյակ զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում