Հասարակական

Հասանելի ու որակյալ կրթություն, պատշաճ պայմաններ. Կառավարությունը հաստատեց մինչև 2030 թվականի զարգացման ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Հասանելի ու որակյալ կրթություն, պատշաճ պայմաններ. Կառավարությունը հաստատեց մինչև 2030 թվականի զարգացման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին, և ժամանակի հրամայական է երկարաժամկետ պլանավորման փաստաթղթում Կառավարության կողմից գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգային դրույթների ամրագրումը:

«Այն անդրադառնում է ֆորմալ կրթության բոլոր մակարդակներին, շարունակական կրթությանը, ելնում այն դրույթից, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական և հանրային կյանքի առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման գործում շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով: Այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման համար: Պետք է ասեմ, որ ծրագրի կենտրոնում մարդն է, նրա հնարավորությունների բացահայտումը»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Ծրագրի վերջնական նպատակը մրցունակ կրթական համակարգ ձևավորելն է: Սահմանվել են ռազմավարական 3 հետևյալ ուղղությունները. համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ձևավորումը Հայաստանի ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացումը և կրթական ծառայությունների միջազգայնացումն ու արտահանումը:

«Մի քանի կարևոր դրույթներ առանձնացնեմ. ապահովել ուսումնական հաստատությունների համընդհանուր ծածկույթ, դպրոց ընդունվող երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում: Բոլոր ուսումնական հաստատությունները կունենան պատշաճ կահավորմամբ, անհրաժեշտ սարքավորումներում հագեցած շենքեր, լաբորատորիաներ, աշխատանքային տարածքներ: Մանկավարժները կլինեն ատեստավորված: Ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից»,-ընդգծեց Արթուր Մարտիրոսյանը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրեց, որ նախագիծը բավական ծավալուն է, այն առաջիկայում ներկայացվելու է Ազգային ժողովին և դեռ հնարավորություններ լինելու են մանրամասն ներկայացնելու:

«Մի քանի չափանիշներ ենք սահմանել: Առաջինն այն, որ պետք է իրականացնենք մեր նախընտրական խոստումները՝ 2021-2026 թվականի ծրագիրը: Մեզ համար շատ կարևոր է, որ բարձր առաջադիմություն ցույց տվող որևէ ուսանող ուսման վարձավճարի պատճառով չզրկվի մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունից: Ընդհանրապես, կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակության վայրում»,-ասաց Համբարձում Մաթևոսյանը: Այս համատեքստում նա հիշեցրեց, որ Կառավարությունն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում մի քանի հարյուր դպրոց ու մանկապարտեզ է կառուցվում, հիմնանորոգվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում