Հասարակական

Պատմության հետագծով

4 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ,28 ՀՈՒԼԻՍԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1741 թ. հուլիսի 28-ին մահացել է Անտոնիո Վիվալդին՝ իտալացի նշանավոր երգահան, ջութակահար, մանկավարժ (ծնվ.՝ 1678 թ.):

-1750 թ. հուլիսի 28-ին մահացել է Յոհան Սեբաստիան Բախը՝ գերմանացի կոմպոզիտոր (ծնվ.՝ 1685 թ.):

-1804 թ. հուլիսի 28-ին ծնվել է Լյուդվիգ Ֆոյերբախը՝ գերմանացի փիլիսոփա (մահ.՝ 1872 թ.):

-1914 թ. հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Սերբիային։ Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը:

-1929 թ. հուլիսի 28-ին ծնվել է Ժաքլին Քենեդին՝ ամերիկացի լրագրողուհի (մահ.՝ 1994 թ.):

-1937 թ. հուլիսի 28-ին ծնվել է Ֆրանսիս Վեբերը՝ հայկական ծագում ունեցող ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր եւ դրամատուրգ:

-1987 թ. ծնվել է Արման Փաշիկյանը՝ շախմատիստ:

Հետաքրքրական է

Հայկական կինոարվեստն սկզբնավորվել է ռուս եւ եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով։ Առաջին կինոկադրերն ստեղծվել են 1907-1914 թթ.: 1907 թ. նկարահանվել են Մկրտիչ Ա Վանեցի (ցուցադրվել է Թիֆլիսում եւ Բաքվում), 1910 թ.՝ Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի (օպերատորներ՝ Ալեքսանդր Դիգմելյով եւ Ա. Միներվին) կաթողիկոսների թաղումները։

1913 թ. Իվան Պերեստիանին Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանզադեի «Նամուս» վիպակը (ֆիլմը՝ «Երդումով կապվածները», սցենարիստ եւ գլխավոր դերակատար՝ Վահրամ Փափազյան)։ Նախահեղափոխական շրջանի ռուսական կինոյում նկարահանվել են դերասաններ Արշավիր Շահխաթունին, Արուս Ոսկանյանը, Արշակ Բուրջալյանը, Օլգա Մայսուրյանը, թուրքական կինոյում՝ Վահրամ Փափազյանը եւ Հրաչյա Ներսիսյանը։ 1915 թ. Ա. Միներվինը Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար) մի խումբ հայ սիրող դերասանների մասնակցությամբ նկարահանել է «Թուրքահայերի ողբերգությունը» կինոնկարը։ Մինչեւ հեղափոխությունը ռուսական կինոյի ճանաչված դերասան էր հետագայում հայկական գեղարվեստական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը։

ՀԽՍՀ ժողկոմխորհը 1923 թ. (համարվում է հայկական կինոյի ծննդյան տարեթիվը) որոշում է ընդունել մասնավոր կինոթատրոններն ազգայնացնելու եւ Պետկինո հիմնելու մասին։ 1923 թ. աշնանը Պետկինոյի հիման վրա ստեղծվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերությունը, որը մինչեւ 1928 թ. կոչվել է «Կինոֆաբրիկա», ապա՝ «Հայկինո», 1938-ից՝ «Երեւանի կինոստուդիա», 1957-ից՝ «Հայֆիլմ» (1966-ից՝ Հ. Բեկնազարյանի անվան)։

Գեղխորհդի որոշմամբ էկրանավորվել է Շիրվանզադեի «Նամուսը»։ Նկարահանել է Համո Բեկնազարյանը, ով 1921-ից աշխատում էր վրացական կինոստուդիայում (Հայաստանում հաստատվել է 1926 թ.)։ «Նամուս» ֆիլմում նկարահանվել են դերասաններ Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Համբարձում Խաչանյանը, Օլգա Մայսուրյանը, Ավետ Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Նինա Մանուչարյանը։ Ֆիլմն աչքի է ընկնում արտահայտիչ կինոլեզվով, ժողովրդի բարքերն ու կենցաղի մանրամասները պատկերելու հավաստիությամբ։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում