Սեւան համայնքի Ծաղկունք, Նորաշեն, Գեղամավան գյուղերում ներդրվելու է այլընտրանքային նախադպրոցական կրթության ծրագիր
5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան համայնքի Ծաղկունք, Նորաշեն, Գեղամավան գյուղերում ներդրվելու է այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայության հիմնման երեխայակենտրոն ծրագիր, որի շրջանակներում այս օրերին Ծաղկունք գյուղում մասնակի վերանորոգվում է մանկապարտեզի շենքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ՅՈՒՆԻՍԵՖ–ը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պլանավորել են ներդնել ծախսարդյունավետ ծրագիր գյուղական բնակավայրերում, որտեղ չկան կամ դժվար հասանելի են պետության կամ համայնքի կողմից իրականացվող նախադպրոցական ծառայությունները: Ըստ այդ մոդելի` նախակրթարանը ծառայություններ է մատուցելու 3-6 տարեկան երեխաներին` 10-15 հոգանոց խմբերով, որտեղ տարիքային բաժանումներ չկան: Երեխաները կենտրոն են հաճախելու օրական 3-5 ժամ, շաբաթական 5 օր՝ անվճար հիմունքներով:
«Սեւան համայնքի խոշորացումից հետո Սեւանի համայնքապետարանը եւ ՅՈՒՆԻՍԵՖ–ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում Ծաղկունք, Նորաշեն, Գեղամավան գյուղերում հիմնվելու են նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ: Այն կյանքի է կոչվում «Ապագան՝ այսօր. Կանանց, երիտասարդների եւ երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից` ԵՄ-ի ֆինանսավորմամբ:
Ծրագրի այս փուլում Ծաղկունք բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքի մի հատվածում` երկու սենյակ, միջանցք եւ սանհանգույց, ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում շենքի 117 քառակուսի մետր տարածքը կվերանորոգվի` ապահովելով ծառայությունից օգտվող երեխաների համար հարմարավետ, մատչելի, անվտանգ պայմաններ:
Նախատեսված շինաշխատանքների պայմանագրային արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը:
Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Մինասյանի փոխանցմամբ` մանկապարտեզի մասնակի վերանորոգման աշխատանքների կեսից ավելին արդեն կատարվել են: Ներքին հարդարման աշխատանքներին կհաջորդեն արտաքին հարդարման աշխատանքները, այնուհետև շենքի տանիքի վերանորոգումը, որը ներառում է 262 քառակուսի մետր մակերեսով շիֆերի փոխարինում ցանկապատ պրոֆիլավորված թիթեղով:
Տանիքի վերանորոգման պայմանագրային արժեքը 2 միլիոն 689 հազար 600 դրամ է: Սեւանի համայնքապետարանն ապահովելու է ընդհանուր ծախսերի համաֆինանսավորումը 20 տոկոսի չափով: Վաղ մանկության տարիքի այլընտրանքային կրթական ծառայության մոդել է ներդրվում նաեւ Նորաշեն գյուղում: Ծառայությունն իրականացվելու է մշակույթի տան շենքի 1-ին հարկում: Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, հայտնի է հաղթող կազմակերպությունը, որն առաջիկա օրերին կսկսի շինարարական աշխատանքները:
Գեղամավան բնակավայրում ծառայությունն իրականացվելու է մանկապարտեզի շենքում: Նորաշենի՝ ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքում արդեն տեղադրվել է արեւային վահանակ, Ծաղկունքի մանկապարտեզում այն կտեղադրվի տանիքի վերանորոգումից հետո: Երեք բնակավայրում նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայության ներդրումը զուգակցվում է նաեւ դաստիարակների վերապատրաստումներով, որն իրականացվում է «Քայլ առ քայլ» ՀԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ:
Դաստիարակներն անցել են վերապատրաստումների շարք վաղ մանկական ուսումնառության, վաղ տարիքում երեխայի զարգացման առանձնահատկությունների, խաղերի ու այլ կրթական միջոցառումների գրագետ կիրառման եւ այլ թեմաներով: Վերանորոգված տարածքների խաղասենյակները կահավորվելու են համապատասխան գույքով, համալրվելու են դիդակտիկ նյութերով եւ խաղամիջոցներով: Յուրաքանչյուր այլընտրանքային մոդելի նախակրթարան կցվելու է Սեւան համայնքում գործող մեկ մանկապարտեզի՝ մեթոդաբանական աջակցության, մշտադիտարկման եւ ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համար: Սեւանի համայնքապետարանն իրականացնելու է ծառայությունների իրականացման համար նախատեսված տարածքների եւ անձնակազմի պահպանման հետ կապված ծախսերը, որոնք ներառվելու են նաև համայնքի հնգամյա զարգացման ծրագրերում»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:
Խոսրով Խլղաթյան