Հասարակական

Բաստիլի գրավումը և հայ-ֆրանսիական բարեկամությունը. Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ տեղի ունեցավ տոնական միջոցառում

6 րոպեի ընթերցում

Բաստիլի գրավումը և հայ-ֆրանսիական բարեկամությունը. Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ տեղի ունեցավ տոնական միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիացի մեծ գրող Վիկտոր Հյուգոն իր մահից առաջ կոչ է արել ավարտել ֆրանսիական հեղափոխությունը և սկիզբ դնել մարդկային հեղափոխությանը: Ուղիղ 233 տարի առաջ՝ 1789 թ. հուլիսի 14-ին, Բաստիլի գրավումով սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, իսկ մարդկային հեղափոխությունն, ըստ ամենայնի, դեռ առջևում է: Ամեն դեպքում, այդ օրը մարդկության պատմության մեջ մտավ որպես Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը, իսկ Ֆրանսիայում հուլիսի 14-ը նշվում է որպես Ազգային տոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ հուլիսի 14-ին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը մեծ ընդունելություն էր կազմակերպել Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ հրավիրելով պետական իշխանության մարմինների, քաղաքական դաշտի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, հայ հասարակության շատ ու շատ անվանի գործիչների և պարզապես՝ Ֆրանսիայի բարեկամներին:

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն շատ հուզված էր, քանի որ Ֆրանսիայի Ազգային տոնը վերջին անգամ այսպես ասած՝ «առկա ձևաչափով» նշվել էր երեք տարի առաջ՝ 2019 թ. հուլիսի 14-ին: Այդ ընթացքում Հայաստանը անցել է պատերազմի և համավարակի շատ ծանր ու դաժան ուղիով: Դեսպանի մտքերը նրանց հետ են, ովքեր զոհվեցին այդ ընթացում: Իր ելույթում Անն Լույոն հիշեց այսօր էլ շարունակվող պատերազմների և աշխարհի բազմաթիվ շրջաններում ժողովրդավարությանը սպառնացող վտանգների մասին՝ շեշտելով երկրի հանձնառությունը համամարդկային, ժողովրդավարական արժեքներին և միջազգային իրավունքի սկզբունքներին: Իսկ Հուլիսի 14-ն, ըստ դեսպանի, լավ առիթ է հիշեցնելու այդ ամենի մասին, նաև այն մասին, որ Ֆրանսիան «խորապես եվրոպական երկիր» է:

«Հուլիսի 14-ը նաև առիթ է հիշելու Ֆրանսիայի և Հայաստանի, ֆրանսիացիների և հայերի միջև եղբայրական կապերը և մեր ընդհանուր հանձնառությունները: Հանուն ժողովրդավարության՝ Հայաստանը վճռականորեն ընտրել է այդ ուղին և խիզախորեն հետամուտ է օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին՝ թույլ չտալով, որ իրեն շեղեն այդ նպատակից: Մենք ողջունում ենք այս հանձնառությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ մեր երկխոսության որակն ու անկեղծությունը։ Մենք բոլորս գիտենք, որ ժողովրդավարությունը երկար գործընթացի և հասարակության բոլոր բաղադրիչների հետ երկխոսության արդյունք է։ Դուք գիտեք, որ մենք ձեր կողքին ենք հայ երիտասարդների ապագայի և երկրի անվտանգության համար անհրաժեշտ այս գործընթացում», - հայտարարեց Ֆրանսիայի դեսպանը:

Դեսպանի խոսքով՝ Հուլիսի 14-ը լոկ պատմական իրողություն չէ, այն նաև ապագայի և կամքի խորհրդանիշն է:

«Հայաստանը բնական խաչմերուկ է, կամուրջ ազդեցության ոլորտների, մշակույթների, առևտրային շուկաների միջև: Մենք վճռական ենք օգնել նրան վերականգնելու այս ավանդույթը», - հավելեց Անն Լույոն:

Ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ և ընդգծելով Բաստիլի գրավմամբ սկսված քաղաքական գործընթացների պատմական և համամարդկային նշանակությունը:

«Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը բացեց մարդու իրավունքների և ժողովրդավարական հենքով ապագայի նոր ուղի. դրանից ի վեր Ֆրանսիական մեծ հեղափոխության համամարդկային բարձր արժեքները շատ երկրների համար դարձան օրինակելի ուղեցույց», - նշեց փոխվարչապետը:

Խոսելով հայ-ֆրանսիական բարեկամության մասին՝ Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ այն դարերի պատմություն ունի:

«Հայերն ու ֆրանսիացիները միասին են եղել իրենց պատմության կարևոր և փորձություններով լի բազմաթիվ շրջադարձերում։ Մենք երբեք չենք մոռանա, որ 20-րդ դարի սկզբին Ֆրանսիան եղբայրական ձեռք մեկնեց ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայերին, ովքեր գտան իրենց երկրորդ հայրենիքը: Մեր երկու երկրների բարեկամությունը կարևոր հիմք դարձավ` հաստատելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչպես նաև արդյունավետ ու սերտ համագործակցություն բոլոր առանցքային ոլորտներում», - ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Դեսպան Լույոյի և փոխվարչապետ Գրիգորյանի ելույթներից հետո սկսվեց միջոցառման երաժշտական մասը: Բեմում էին Հայաստանի ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, Փարիզ-Երևան բենդը՝ կազմված ֆրանսիացի և հայ երաժիշտներից, ապա հարթակը տրամարդվեց DJ-ներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին շնորհավորական նամակ էր հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ: Ազգային տոնի առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն էր այցելել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ, որը փոխեց ոչ միայն Ֆրանսիայի, այլ մարդկության ողջ պատմության ընթացքը, ընդունված է համարել, որ սկսվել է երկրում բացարձակ միապետության և բռնապետության խորհրդանիշը դարձած Բաստիլ բանտ-ամրոցի գրավումով 1789 թվականի հուլիսի 14-ին: 1790 թվականից սկսած՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ը, Ֆրանսիայում նշվում է որպես Ազգային տոն:

Լրագրող՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում