ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թ. 1-ին կիսամյակում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.2-րդ հոդվածի(հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 314.3-րդ հոդվածի (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հատկանիշներով՝ 4 քրեական գործ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, մանրամասնելով, որ 4 քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ՀՀ դատախազությանը տրամադրված տեղեկատվությունը, 1-ով՝ քննիչի՝ իր լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին ձեռք բերած տվյալները, 1-ով՝ հետաքննության մարմնի զեկուցագիրը, 1-ով՝ հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումը:
Հայտարարագրերի ներկայացման վերոնշյալ երկու հանցակազմերով 2021թ. ողջ տարվա ընթացքում հարուցվել էր 14 քրեական գործ, որոնցից 9-ով նախաքննությունը շարունակվել է նաև 2022թ. ընթացքում:
Ներկայումս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելուհատկանիշներով հարուցված 1 և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով՝ 11 քրեական գործով:
2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում 7 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Ընդ որում, եթե 2021 թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել նշված հանցակազմերով ընդամենը մեկ քրեական գործ, ապա միայն 2022 թ. առաջին կիսամյակում՝ 4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ: Մասնավորապես՝
2022 թ. մարտի 24-ին դատարան ուղարկված մի քրեական գործով հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու համար մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մաթևոսյանին:
Այս գործով դատարանի՝ 2022թ. հունիսի 21-ի դատավճռով համաձայնեցման վարույթի կիրառմամբ վերջինս մեղավոր է ճանաչվել և դատապարվել մեկ տարի ժամկետով ազատազրկման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով` մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: