Արվեստների, ազգային երգ ու պարի, համեղ ուտեստների կենտրոնը մեկնարկում է «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդական արհեստները ներկայացնելու, դրանց ճանաչելիությունը բարձրացնելու, այդ ժառանգությունը կրող և այն փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը նպաստելու նպատակով հուլիսի 16-ին Գյումրիում կանցկացվի «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը: Հուլիսի 17-ին փառատոնը կշարունակվի Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում:
«Արմենպրես պոդքաստի»շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը խոսել է փառատոնի կարևոր շեշտադրումների, մասնակիցների, նախաձեռնության շրջանակում սպասվող միջոցառումների մասին:
«Փառատոնի ընթացքում Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված տաղավարներում ցուցադրվելու են ժողովրդական արհեստների և արվեստների տարբեր դրսևորումներ և ուղղություններ՝ ասեղնագործություն, գորգագործություն, խեցեգործություն, տիկնիկագործություն. նախատեսվում են ուտեստի պատրաստումներ, ժողովրդական երգ ու պար»,-նշում է Կիլիչյանը:
Փառատոնին կմասնակցեն ժողովրդական ստեղծագործության վարպետներՀայաստանի մի շարք համայնքներից և ԱՊՀ երկրներից, որոնք կներկայացնեն իրենց գեղարվեստական աշխատանքները և կիրականացնեն վարպետաց դասեր:
«Վարպետության դասերի միջոցով հասարակությունը կկրթվի, կհասկանա, թե ինչ գիտելիքներ, հմտություններ են հարկավոր ստեղծագործելու համար: Փառատոնը կարող է նպաստել նաև համայնքներում տնտեսական կայունությանը, քանի որ արհեստագործական գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելն ինքնանպատակ չէ: Հմտությունների տիրապետելով՝ անհատը, համայնքը կարող են եկամուտներ գեներացնել: Երկրի զարգացման համար դա շատ կարևոր գործոն է»,-շեշտում է նա:
Կենտրոնական հրապարակում կազմակերպված միջոցառումներին զուգահեռ փառատոնին կմիանան Գյումրու տարբեր մշակութային և արհեստագործական կազմակերպություններ ու անհատներ՝ ամենուրեք տարածելով վարպետաց քաղաքի շունչը։
Փառատոնը շարունակական է լինելու՝ ամեն տարի կազմակերպվելով Հայաստանի տարբեր համայնքներում՝ այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, այլև խթանելով Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանը։
Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
Ձայնային ռեժիսոր՝ Տաթևիկ Զաքարյան