«Նոր գիրք»-20/25. Սարոյան, Կոնան Դոյլ, Շվարցենեգեր
3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն. Ուիլյամ Սարոյան, «Տղա-աղջիկ միասին»
1963-ին լույս տեսած այս վեպը գրողի ինքնօրինակ գործերից է: Տղամարդ-կին/տղա-աղջիկ առանցքի շուրջ մի քանի տարբերակով հյուսված պատումը, որ համակված է թե՛ կատակերգական շնչով, թե՛ դառնությամբ, սարոյանական իմաստնության, կենսափորձի ու աշխարհընկալման շաղախով պատկերում է ամուսնական հարաբերությունների, համատեղ կյանքի վարդերն ու փշերը, ընտանիքն ու ստեղծագործական կյանքը համադրելու բարդությունը, այս աշխարհում ապրելու դրամատիզմն ու կոմիզմը: Իսկ որ ամենաուշագրավն է, արդեն ծանոթ Սարոյանն այստեղ շատ հետաքրքիր եղանակով համադրվել է նոր, մեզ անծանոթ Սարոյանի հետ: Թարգմանությունն անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն. Արթուր Կոնան Դոյլ, Վենսան Մալիե, «Շեռլոք Հոլմսի առաջին արկածը: Ուրվանկար կարմիրով»
Օտարերկրացի տղամարդու առեղծվածային սպանությունը ցնցում է Լոնդոնը, և առաջին անգամ ասպարեզում հայտնվում է հանցագործությունների բացահայտման անգերազանցելի վարպետը՝ Շերլոք Հոլմսը։ Ո՞րն է ի վերջո այս սպանության դրդապատճառը. վիճաբանությո՞ւն, կողոպո՞ւտ, թե՞ հեռավոր անցյալից եկող թշնամանք ու վրեժ։ Իր հանճարի և արտածումներ կատարելու աներևակայելի ունակության շնորհիվ Շերլոքը նորաթուխ ընկերոջ՝ բժիշկ Վաթսոնի հետ թափանցում է անցյալի խորքը՝ դաժան սպանության «կարմիր ուրվանկարն» ամբողջացնելու։ Թարգմանիչ՝ Ռուզաննա Սուքիասյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Փաստավավերագրական գրականություն. Առնոլդ Շվարցենեգեր, «Oգտակար եղիր։ Կյանքի 7 կանոնները»
Այս գրքում Առնոլդ Շվարցենեգերը ներկայացնում է իր անձնական փորձի և ձեռքբերումների հիման վրա ձևավորված կյանքի գործնական փիլիսոփայությունը։ Ավստրիայի փոքր գյուղից դեպի բոդիբիլդինգի աշխարհի դափնիներ, Հոլիվուդի Օլիմպոս և Կալիֆոռնիայի նահանգապետարան․ Շվարցենեգերն իր ուղին կերտել է հետևողական աշխատանքով, անկոտրում կամքով և մի հիմնարար սկզբունքով՝ օգտակար լինել։ Այս գիրքը սեփական ներուժն ամբողջությամբ օգտագործելու, սեփական կյանքի և շրջապատի վրա դրական ազդեցություն ունենալու համապարփակ ուղեցույց է։ Թարգմանիչ՝ Աննա Աբրահամյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը: