ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար Կապսի ջրամբարի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի. ջրամբարի կառուցումը թույլ կտա կայուն ոռոգման ջրով ապահովել Շիրակի շուրջ 17 հազար հա հողատարածքներ, նաև Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի 7000 հա հողատարածքներ:«Արմենպրես»-ի հետ զրույցում ջրամբարի կառուցման ծրագրի նշանակության մասին է խոսել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը:
«1980-ականներից նախաձեռնվող ծրագիր է, որն անավարտ է մնացել: Եվ հիմա արդեն հայտարարվել է ջրամբարի շինարարական աշխատանքների մրցույթ: Ջրամբարի կառուցումն ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել 2 փուլով, առաջին փուլով նախատեսվում է կառուցել ջրամբարը՝ 25 մլն խմ ջրի ծավալին համապատասխան, այնուհետև երկրորդ փուլը՝ կուտակվող ջրի ծավալները հասցնելով 60 մլն խմ-ի»,-ասաց Սողոմոնյանը:
Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում: Դեռ 1985թ. նախատեսվել է 90 մլն.մ3 ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը։ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին և 2017 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, Փուլ 1 և Փուլ 2» Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիր վարկային համաձայնագրերը։ Ջրամբարի շինարարական աշխատանքները նախատեսվում է, որ կտևեն 3.5 տարի: Հիմա իրականացվում է ջրամբարի շինարարական աշխատանքների մրցութային գործընթաց, այն ամփոփման փուլում է, առաջիկայում կհայտարարվեն արդյունքները:
Անդրադառնալով ջրամբարի կառուցման նշանակությանը՝ հիմնադրամի տնօրենն ընդգծեց. «Կարևոր ցուցանիշներից մեկը Շիրակի շուրջ 17 հազար հա հողատարածքների կայուն և որակով ոռոգում ապահովելն է, լրացուցիչ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի ևս 7000 հա ոռոգվող հողատարածքներին ջրով ապահովումն է. սա է ծրագրի ռազմավարական նպատակը: Ջրամբարն ինքնին ունի ռազմավարական նշանակություն՝ հաշվի առնելով Հանրապետություն մուտք գործող ջրային ռեսուրսների տարեցտարի նվազող ծավալները:
Ծրագրի նպատակն է նաև նպաստել պարենային ապահովությանը, ավելացնել գյուղատնտեսական արտադրության տնտեսական արդյունավետությունը, նվազեցնել թիրախային խմբի խոցելիությունը կլիմայի փոփոխությունների նկատմամբ, պահպանել տարածաշրջանի էկոհամակարգը և կենսաբազմազանությունը:
Ջրամբարի փուլային կառուցման պարագայում առաջին փուլի դեպքում Ջրաձոր գյուղի 2-5 կառույցներ հայտնվելու են ջրածածկման գոտում, ավելի բարձր՝ 60 մլն խմ ծավալի դեպքում՝ ավելի շատ կառույցներ: Սակայն սա միակ պատճառը չէ, որի համար որոշվել է նոր գյուղ կառուցել, վերաբնակեցում իրականացնել: «Խնդիրը պայմանավորված է նաև նրանով, որ Ջրաձոր գյուղի գտնվելու վայրի լանջերը ջրամբարի կառուցման պարագայում հայտնվելու են ռիսկային գոտում՝ սողանքային հոսանքների առումով: Դա է եղել հիմնական պատճառը, որ բոլոր շրջանակներում քննարկվել է Ջրաձորը վերաբնակեցնելու հարցը»,-ասաց Սողոմոնյանը:
Ջրաձորի վերաբնակեցման հարցով ի սկզբանե քննարկվել է 2 տարբերակ: Առաջին տարբերակի մոտեցումն է եղել բնակիչներին գումարային փոխհատուցման տրամադրումը՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի հաշվարկային արժեքը կազմել է մոտ 3.2 մլրդ դրամ: Երկրորդ տարբերակն է նոր գյուղի կառուցման տարբերակը, որի հաշվարկային արժեքը կազմել է շուրջ 5 մլրդ դրամ: «Բնակչությունը ցանկություն է հայտնել, որ ընտրվի նոր գյուղի կառուցման ճանապարհով վերաբնակեցումը: Դրան համապատասխան ընդունվել է կառավարության 2020 թվականի համապատասխան որոշումը, որով կառավարությունը նույնպես հավանության է արժանացրել երկրորդ տարբերակով հարցի լուծումը»,-ասաց Սողոմոնյանը՝ վստահեցնելով, որ, այսպիսով այս հարցով հանրային լսումներ են եղել, հաշվի է առնվել ազդակիր անձանց, տնային տնտեսությունների ցանկությունը:
Հայաստանի տարածքային հիմնադրամի պատվերով վերաբնակեցման, նոր գյուղի կառուցման գործընթացում ներգրավված է 2 խորհրդատու: Առաջինն իրականացնող խորհրդատուն է, որն անմիջականորեն աշխատանքներ է իրականացնում համայնքի բնակիչների հետ, պետք է անհրաժեշտ խորհրդատվություն մատուցի՝ ծրագրի փոխհատուցումների, որոշումների կայացման գործընթացներում: Երկրորդ խորհրդատուն իրականացնում է Ջրաձոր գյուղի նախագծման աշխատանքները: «Այս պահի դրությամբ մենք ունենք նոր գյուղի սխեմատիկ պատկերի նախագիծը, այն նախապատրաստական աշխատանքների փուլն ամբողջությամբ ավարտելուց հետո սահմանված կարգով կներկայացվի հաստատման»,-ասաց Սողոմոնյանը:
Նախատեսվում է, որ գյուղի կառուցման և վերաբնակեցման աշխատանքները կավարտվեն կամ 2025 թվականի վերջին, կամ 2026 թվականին:
«Հիմա աշխատանքներ են տարվում, հիմքեր են ստեղծվում, որ ջրամբարի կառուցման առաջին և երկրորդ փուլերը իրականացնենք միաժամանակ, այսինքն՝ միանգամից կառուցվի 60 մլն խմ ծավալով ջրամբար»,-ասաց Սողոմոնյանը:
Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև փոխհատուցման գործընթաց: Բնակիչները փոխհատուցում կստանան այն գույքի, ակտիվների համար, որը հնարավորություն չունեն տեղափոխելու նոր գյուղ: «Նպատակը հետևյալն է, որ գյուղի վերաբնակեցումը որևէ կերպ չպետք է վատթարացնի բնակիչների վիճակը, ընդհակառակը՝ եթե հնարավորություն կա, ապա պետք է լավացվի: Բանկի հետ ունեցած բանակցությունները, պայմանավորվածությունները փաստում են, որ վերաբնակեցումը պետք է իրականացվի և եվրոպական չափանիշների, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, իսկ դրանց որոշակի անհամապատասխանության դեպքում պետք է կիրառվի բնակչության համար լավագույն տարբերակը»,-ընդգծեց հիմնադրամի տնօրենը:
Նա վստահեցրեց նաև, որ մինչև գյուղի պատրաստ լինելը բնակիչները խնդիր չեն ունենա՝ բնակվելու վայրի հետ կապված: Հիմնադրամի տնօրենը վստահեցնում է՝ աշխատանքները կազմակերպելու են այնպես, որ բնակիչների հետ կապված որևէ խնդիր չլինի: «Ես համոզված եմ՝ չի էլ լինելու խնդիր, քանի որ ջրամբարի պատվարի ավարտը դեռևս չի նշանակում նույնքան ծավալի ջուր ունենալ, քանի որ պատվարի ավարտից հետո որոշակի սխեմա և տեխնոլոգիաներ կան՝ ջրամբարը ջրով լցնելու: Դա առնվազն մի քանի տարի տևում է: Մինչև գոյություն ունեցող կառույցների՝ ջրածածկման վտանգի գոտում հայտնվելը մենք այդ աշխատանքներն ամբողջությամբ ավարտած ենք լինելու»,-ասաց Սողոմոնյանը:
Գյուղը կառուցվելու է գլխավոր հատակագծին համապատասխան: Հիմնադրամի տնօրենն ընդգծեց՝ գյուղն ունենալու է սեփական դեմքը: Այն ունենալու է ժամանակակից պահանջներին համապատասխան ենթակառուցվածքներ: Գյուղը բաժանված է լինելու հստակ գոտիների՝ բնակելի գոտի, հանգստի գոտի, արտադրական գոտի, կրթական գոտի, դրանով հանդերձ գյուղն ունենալու է տեսարան դեպի ջրամբարի ջրի հայելին, որով նաև զբոսաշրջային ուղղության զարգացման հնարավորություն է ստեղծվելու: Համայնքը օգտվելու է միջհամայնքային ճանապարհահատվածից, ունենալու է զարգացած, հարմարավետ ներհամայնքային ճանապարհային ցանց: Գյուղատնտեսական կենդանիների տեղափոխման համար լինելու են առանձին հատվածներ: Հիմնադրամի տնօրենի վստահեցմամբ՝ փորձել են պլանն այնպես մշակել, որ պահեն Ջրաձորում մինչև այսօր զարգացման նախընտրելի ուղղությունները՝ թե անասնապահության, թե բուսաբուծության բնագավառներում: Նա վստահեցնում է, որ այս առումով համայնքի բնակիչների մոտ իրավիճակի վատթարացում չի լինելու: Գյուղն ունենալու է նաև դպրոց, մանկապարտեզ:
Աննա Գրիգորյան