ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան ներկայացրեց Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը՝ արձանագրելով, որ խնդիրներ կան:
«Աշխատանքներն, իհարկե, ընթացքի մեջ են, սակայն ցանկալի է ավելի շատ տեմպ հաղորդել: Փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում ճանապարհի ամբողջ երկայնքով: Բավական շատ մեքենաներ են վնասվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ձեռնպահ կմնա լրացուցիչ մեկնաբանություններից, միայն ավելացրեց, որ փոխվարչապետին ու տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախաարին այդ հարցի կապակցությամբ տվել է հանձնարարականներ:
«Հաջորդ շաբաթ կանդրադառնանք հանձնարարականի կատարման տեմպին, ընթացքին: Այժմ կենտրոնանանք աշխատանքների վրա, ավարտին հասցնենք: Ես այստեղ ուզում եմ արձանագրել, որ Տաթև-Լծեն հատվածի ասֆալտապատման աշխատանքներն արդեն սկսվել են: Այն պետք է Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհ լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: