Հասարակական

Փաշինյանն անդրադարձել է ճանապարհաշինական աշխատանքների որակին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձել է ճանապարհաշինական աշխատանքների որակին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ըստ էության, աշխատանքի որակի հետ կապված խնդիրները չեն լուծել:

«Ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս: Իհարկե, որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են, բայց միևնույն է մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը: Ընդ որում, բացի ճանապարհների որակի խնդրից, մենք ունենք նաև սահմանված քաշից ավելի մեքենաների երթևեկության խնդիր: Մեր քաղաքական որոշումն այն է, որ պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են ու արդեն որոշ սարքավորումներ ձեռք են բերվել:

Աշխատանքների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ հավելելով, որ հարցը հատուկ ուշադրության կենտրոնում է: Նա տեղեկացրեց, որ արդեն իրականացվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

«Սկզբնական փուլում ունեինք երկու շարժական կշեռքներ, վերահսկողություն էինք իրականացնում խնդրահարույց հատվածներում: Հետագայում խնդիրներ առաջացան կշեռքների հետ կապված: Հատկացումներ իրականացվեցին, և մենք ձեռք բերեցինք երկու ստատիկ և ևս մեկ շարժական կշեռք: Շարժական կշեռքն այս պահի դրությամբ գործածության մեջ է»,-ասաց Արթուր Ասոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում